Տորոնտոյում նախատեսված AC/DC ռոք խմբի համերգը պաշտոնապես չեղարկվել է այն բանից հետո, երբ ուժգին փոթորիկը լուրջ կառուցվածքային վնասներ է հասցրել Rogers Stadium մարզադաշտին։ Ավստրալական լեգենդար խումբը պետք է ելույթ ունենար 2026 թվականի սեպտեմբերի 16-ին՝ իր երկամյա «Power Up» համաշխարհային տուրի շրջանակներում։ Սակայն արտակարգ բնական աղետը վտանգել է բացօթյա մարզադաշտի անվտանգությունը՝ ստիպելով կազմակերպիչներին չեղարկել սպասված միջոցառումը։
Ինչպես հայտնում է ConstructConnect պարբերականը, մարզադաշտը տնօրինող Live Nation ընկերությունը հայտարարել է, որ ինժեներական խմբերի եզրակացության համաձայն՝ փոթորկից տուժած տրիբունաների հատվածները պետք է ամբողջությամբ ապամոնտաժվեն և վերակառուցվեն։ Տորոնտոյի հյուսիսային հատվածում տեղի ունեցած փոթորիկն ուղեկցվել է ջրհեղեղներով և էլեկտրաէներգիայի անջատումներով։ Լուսանկարներում երևում են մասնակիորեն փլուզված հյուսիսային տրիբունաները և տարածքով մեկ ցրված կապույտ նստարանները։
Rogers Stadium-ի օդերևութաբան Քևին Մահոնին (Kevin Mahoney) նշել է, որ տարածքում գրանցվել է հզոր միկրոպոռթկում (microburst)՝ ուժգին քամիներով և տեղումներով, ինչն այս տարածաշրջանի համար «100 տարին մեկ տեղի ունեցող» բացառիկ երևույթ է։ Քաղաքային իշխանությունները մարզադաշտի համար անվտանգության հատուկ հրամանագիր են արձակել՝ պահանջելով ներկայացնել վնասների մանրամասն զեկույց և վերականգնման հստակ ժամանակացույց։
Տորոնտոյի համալսարանի ինժեներական գիտությունների պրոֆեսոր Դագ Պերովիչը (Doug Perovic) պարզաբանել է, որ փլուզված տրիբունաները մոդուլային կառուցվածք ունեն, ինչը կարող է բարդացնել վերանորոգումը՝ մատակարարման շղթաների հնարավոր խնդիրների պատճառով: Պրոֆեսորը նաև հիշեցրել է 14 տարի առաջ Downsview Park-ում Radiohead-ի համերգի ժամանակ բեմի փլուզման ողբերգական դեպքը, որից հետո Օնտարիոյի շինարարական օրենսգրքում (Ontario Building Code) փոփոխություններ կատարվեցին, սակայն ժամանակավոր ու մոդուլային կառույցների անվտանգության կարգավորման ոլորտում դեռևս առկա են բացեր:
Ինչպես հայտնում է Billboard հանդեսը, սա Rogers Stadium-ի այս տարեշրջանի վերջին խոշոր համերգն էր լինելու։ Live Nation Canada-ի նախագահ Ուեյն Զրոնիկը (Wayne Zronik) ընդգծել է, որ անվտանգությունն առաջնային է, և ճիշտ որոշումը տրիբունաների հիմնովին վերակառուցումն է՝ հաջորդ ամռանը հանդիսատեսին պատշաճ ընդունելու համար։ Տոմսերի գումարները Ticketmaster-ի միջոցով ավտոմատ կերպով կվերադարձվեն գնորդներին։

