fbpx
Իրավական

Արսեն Թորոսյանը խոսել է հեմոդիալեզի պարագաների բնութագրերի փոփոխության գործի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Այսօրվա նիստի ժամանակ որպես վկա դատարանում հարցաքննվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Նա իր ցուցմունքում նշեց, որ իրադարձությունները սկսվել են 2018 թվականի աշնանը, և խոսքն այն մասին է, որ ՊՎԾ աշխատակիցների կողմից միտումներ են նկատվել բժշկական կենտրոններում գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի փոփոխության, և այդ միտումների վերաբերյալ իր եզրակացությունը եղել է այն, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, այսինքն՝ դա պարզապես իրենց գործառույթներով պայմանավորված գործունեություն չի եղել, այլ դրա տակ կա շարք։

«Մի միջադեպ եղել է առողջապահության նախարարության հենց ուղիղ հայտարարած գնումների մասով, և ինձ իմ աշխատակիցները հայտնեցին, որ հետաքրքրվածություն կա ՊՎԾ ծառայողերի կողմից տեխնիկական բնութագրերի և մրցույթի արդյունքների վերաբերյալ։ Դրա վերաբերյալ ես զրույց եմ ունեցել ՊՎԾ ղեկավարի հետ՝ պարզելու այդ հետաքրքրվածության հանգամանքը։ Երկրորդ դրվագը, որը հետո հիմք հանդիսացավ, որ ես իմ ունեցած ամբողջ տեղեկատվությունը կիսեմ ԱԱԾ-ի հետ, որպեսզի պարզեմ՝ արդյոք այստեղ իրոք կա՞ ինչ-որ բան, թե՞ մենք ընդամենը կասկածում ենք, վերաբերում է դիալեզի պարագաների մրցույթներին, հատկապես մեզ ենթակա բժշկական կենտրոնին, բայց հետագայում նաև պարզվեց, որ այլ բժշկական կենտրոններում էլ է եղել նույն պրոցեսը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դիալեզի պարագաների մրցույթին, բայց նաև պարզ է, որ նման բան եղել է «Վանաձորի» ԲԿ-ում, և մի դրվագ էլ կա, որը վերաբերում է Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի (հիմա կոչվոմ է Թոքաբանության ազգային կենտրոն) մրցույթին, բայց դրվագը հատկանշական է այս գործի տրամաբանության մեջ, որ ՊՎԾ-ն իր, այսպես կոչված, լիազորությունների շրջանակներում մի անհաջող մրցույթի մասնակցելուց հետո ցուցաբերել է ոչ այդքան հասկանալի վարքագիծ՝ շատ կոպիտ ձևով ներխուժելով ԲԿ-ի տարածք և մեղադրելով ԲԿ-ի տնօրենին, որ հայտարարել են մրցույթ տեխնիկական վերանորոգման համար, որն աշխատում է, այն դեպքում, երբ ԲԿ-ում եղել է երկու ռենտգենի սարք, որոնցից մեկն էր փչացել, որի համար մրցույթ էին հայտարարել։
Թորոսյանը տեղեկացրեց, որ դա հաջորդել է մի դեպքի, երբ ՊՎԾ աշխատակիցներից մեկը հետաքրքրված է եղել մի ուրիշ մրցույթվ, որը չի հաղթել։

Դրանից հետո եղել է նախաքննություն, որի ժամանակ Արսեն Թորոսյանը ցուցմունքներ է տվել, և առերեսում է եղել։

«Ես կարծում եմ, որ սա ՊՎԾ աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական դիրքի օգտագործում է, որը տնտեսական շահ ստանալուն է միտված եղել, իսկ ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի անմիջական ներգրավվածությանն այս ամեն ինչին, ես որևէ նման տվյալ չունեմ։ Այսինքն՝ որ Դավիթ Սանասարյանը հատուկ թույլ է տվել իրենց դա անել՝ իմանալով, որ նրանք տնտեսական շահ են հետապնդում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Աղբյուրը՝ civic.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ