Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության պետը պաշտոնապես թույլատրել է իր այն աշխատակցին, որն առաջինն էր հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահի հասցեին ուղղված սպառնալիքների մասին, ցուցմունքներով հանդես գալ Կոնգրեսում: Այս մասին հայտնել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամները` հավելելով, որ գործակալի ինքնությունը լսումների ընթացքում չի գաղտնազերծվի:
Ազգային հետախուզության ներկայացուցիչները նշել են, որ գործակալի հասցեին նախագահ Թրամփի ուղղած վերջին կոշտ քննադատությունից հետո լուրջ մտահոգություններ ունեն նրա անվտանգության հարցում:
Սպիտակ տան ղեկավարը թվիթերյան իր բազմաթիվ գրառումներով ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակցին մեղադրել է խաբեության և ապօրինի լրտեսության մեջ, սպառնացել է՝ Թվիթերում գրելով․ – «Ինչպես ցանկացած ամերիկացի, ես էլ եմ արժանի հանդիպելու իմ մեղադրողի հետ, հատկապես՝ երբ այդ մեղադրողը օտարերկրյա առաջնորդի հետ իդեալական զրույցը ներկայացնում է միանգայն սխալ և սուտ տոնով»: