Երևանի քաղաքապետարանը այսօր հայտնել էր, որ վաղ առավոտվանից մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի կաթվածահար վիճակի պատճառը դիզելային վառելիքի մատակարարման ուշացումներն են։ Դա է պատճառը, որ ավտոբուսներն առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։
Թիվ 1-ը Երևանի քաղաքապետարանից ճշտել է, թե կոնկրետ ո՞ր ընկերությունն է հանդիսանում դիզ․ վառելիքի մատակարար, և ինչու՞ է նման խնդիր ծագել։ Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրաժարվեց նշել մատակարար ընկերության անունը՝ հավելելով, որ վերջինս հաղթել է մրցույթում, և ստանձնած պարտավորություններում թերացման պատճառների շուրջ այս պահին ընթանում են քննարկումներ։
Հայտնի է որ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությանը դիզելային վառելիք է մատակարարում «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունը, որը տարիներ շարունակ ներքին պայմանավորվածություններով ստանձնել է վառելիքի մատակարարման մենաշնորհ։ Վերջին մրցույթի արդյունքում այս ընկերությունը պահպանել է իր սպառման շուկայի այս ուղղությունը։
Բայց վառելիքի շուկայում վերջերս նոր խաղացողի մուտքը փոխել է խաղի կանոնները՝ գնային քաղաքականության մեջ սպառողին առաջարկելով ավելի մատչելի գին վառելիքի 1 լիտրի համար։ Այս առաջարկն ամբողջապես փոխել է նախկինում մենաշնորհային դիրքերում գտնվող ընկերությունների շրջանառությունն ու շահույթի տրամաբանությունը։ Արդյունքում մոնոպոլ դիրքերում գտնվող ընկերությունները բախվել են արդար մրցակցության «խնդրին», որն էլ հանգեցրել է քաղաքային տրանսպորտի ներկայիս կոլապսին։
Նույն «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունը հանդիսանում է նաև պետական մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության վառելիքի մատակարարը։ Այսօրվա նախադեպը հաշվի առնեով՝ կանխատեսելի է, որ իրավիճակը կարող է նույն պատկերով արտահայտվել նաև ստրատեգիական նշանակություն ունեցող այլ ոլորտներում։
Երկար տարիներ տարբեր ոլորտներում խոր արմատներ ձգած ընկերություններն ու իրենց սնող խողովակները մեկընդմիշտ պետք է հասկանան, որ հին խաղի կանոնները նոր իրականության մեջ այլևս կենսունակ չեն։ Բայց պետությունն իր հերթին պարտավոր է կանխատեսել և կանխել հնարավոր կոլապսներն ու օրինականության դաշտ բերել բոլոր խաղացողներին։

