Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբը», Երևանում կներկայանա «The Best» խորագրով համերգներով:
Ամբողջ աշխարհում ճանաչում վայելող երաժշտախմբի համերգները կանցկացվեն մայիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-֊ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:
Կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երգացանկի լավագույն ստեղծագործությունները: Ի սկզբանե կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն, հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել:
«Տուրեցկու երգչախումբ»-ը բաղկացած է տասը մենակատարից: Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին: Երաժիշտների երգացանկում ընդգրկված են երգեր անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով, շուրջ տասը այլ լեզուներով: Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների:
«Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, ինչն էլ յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս գտնել «իր» երաժշտությունը: Երգչախումբը մեր երկրում է եղել վերջին անգամ 5 տարի առաջ՝ 2012 թվականին: