Թուրքական մամուլն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին։
Ինչպես հայտնում է Ermeni haber-ը, ռազմական գործողություններին արձագանքած երկրներին բաժանելով «յուրայինների» և «հակառակորդների» ճամբարների՝ թուրքական մամուլի հրապարակումներում առանձնացվել են դեմ և կողմ արտահայտված երկրների ցանկը։
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքին են ավելացել նաև Հունաստանը և Իսրայելը։ Հունաստանն այս ռազմական օպերացիան բնորոշել է որպես օկուպացիա և հայտարարել, որ այդ գործողություններն ապօրինի են։
Իսրայելն էլ զգուշացրել է Թուրքիային, որ հանկարծ չփորձի էթնիկ զտման քաղաքականություն իրականացնել՝ հայտարարելով. «Խիզախ քուրդ ժողովրդի կողքին ենք և պատրաստ ենք աջակցել»։
Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին կողմ են արտահայտվել և իրենց զորակցությունն են հայտնել Պակիստանը, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան, Կատարը և Իսպանիան։
Ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքում են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Եգիպտոսը, Կանադան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը և Հայաստանը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների բնորոշման՝ Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել այս հարցում։