ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին։ Associated Press-ի հաղորդմամբ՝ այս դիվանագետները, որոնք նշանակվել էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք, պաշտոնավարումը կավարտեն 2026 թվականի հունվարին։ Նրանց թվում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Պետդեպարտամենտը նշել է, որ փոփոխությունները նորմալ գործընթացի մաս են կազմում և նպատակ ունեն ապահովել «Ամերիկան՝ առաջինը» քաղաքականության առաջնահերթությունները։
Ամենամեծ թվով փոփոխությունները նախատեսված են Աֆրիկայում, որտեղ 13 երկրներում դիվանագետները կփոխարինվեն։ Ասիայում փոփոխություններ կլինեն վեց երկրներում, այդ թվում՝ Վիետնամում և Ֆիլիպիններում։ Եվրոպայում փոփոխությունները կանդրադառնան Հայաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի և Սլովակիայի վրա։ Մերձավոր Արևելքում դիվանագետներ կփոխվեն Ալժիրում և Եգիպտոսում։ Վաշինգտոն վերադառնալուց հետո դիվանագետները կարող են ստանալ նոր նշանակումներ։


