Վաշինգտոնը և Տոկիոն համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնց մասնակցել են երկու ամերիկյան B-52 ռմբակոծիչներ։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։ Զորավարժությունները տեղի են ունեցել Ճապոնական ծովի երկնքում, որտեղ Ճապոնական կողմից ներգրավված են եղել երեք F-35 և երեք F-15 կործանիչներ։
Զորավարժությունների նպատակն է եղել ցուցադրել «ուժով ստատուս քվոն փոխել թույլ չտալու հանդեպ ամուր հանձնառությունը» և ամրապնդել ճապոնա-ամերիկյան դաշինքի զսպման և արձագանքման ներուժը։ Տոկիոյում նշել են, որ այս գործողությունները տեղի են ունեցել Ճապոնիայի շրջակայքում անվտանգության սրվող իրավիճակի պայմաններում։

