fbpx
Հասարակություն

ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը շուրջ 100 անուն գիրք է նվիրաբերել Հայաստանի ազգային գրադարանին

Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է ընտրությունների, անցումային արդարադատության, ժողովրդավարական կառավարման մասին  ամերիկյան հրատարակության շուրջ 100 անուն նոր գրքերով: Գրքերը նվիրել է ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերը ստացվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակման ծրագրի շրջանակում:

«Դրանք անգլալեզու հասարակագիտական գրքեր են։ Գրքերը վերաբերում են ընտրություններին, օրենսդրական բարենորոգումներին, տարբեր երկրներում հակակոռուպցիոն օրենսդրության ներդրմանը: Այս գրքերն  այսօրվա հետազոտողին կօգնեն Հայաստանի պես անցումային փուլում գտնվող երկրի համար համապատասխան օրենսդրական լուծումներ գտնել»,- նշեց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Ներսես Հայրապետյանը:

Այդ բոլորը գրքերը նոր են, լույս են տեսել վերջին 3-4 տարում:  Բոլորն ամերիկյան հրատարակություն են, և դրանցից  Հայաստանում չի եղել:

Հայրապետյանը հավելեց, որ որոշվել է այդ գրքերը նվիրաբերել հենց Ազգային գրադարանին, քանի որ գրադարանից օգտվում են հիմնականում հումանիտար ոլորտի հետազոտողները: Նա նկատել է, որ գրադարանը միշտ լեփ-լեցուն է լինում, և անգլերեն գրքեր ընթերցողները ևս շատ են:

ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ընդգծեց, որ նման գրքերը անցումային հասարակությունների համար խիստ կարևոր են: «Մենք գրականություն ենք ձեռք բերում նաև Ամազոնից, սակայն մեր գումարները սահմանափակ են: Այդ պատճառով այս նվիրվատվությունը շատ արդյունավետ կլինի հատկապես երիտասարդների համար: Գրադարանի ընթերցողական գրքերի պատվերներում զգացվում է, որ անգլերեն գրքերի պահանջարկը գնալով բարձրանում է, իսկ ռուսերեն գրքերինը՝ նվազում»,- նշեց Զարգարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ կանեն այդ գրքերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային քարտահանում:  Տնօրենը վստահ է, որ նոր գրքերը պատվերների շատ մեծ քանակ կունենան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ