fbpx
Կրթություն

Ուսանողական վարձերը վճարելու նոր հնարավորություն. բացվեց «Ռեստարտ» հիմնադրամը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հուլիսի 6-ին Անի պլազա հոթելում տեղի ունեցավ «Ռեստարտ» ուսանողական-բարեգործական հիմնադրամի բացման միջոցառումը: Հիմնադրամի նպատակն է փոխհատուցել ուսանողական վարձերը, ինչպես նաև ուսանողներին տրամադրել դրամաշնորհներ և կրթաթոշակներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով նշեց, որ հաճախ ֆինանսական խնդիրների պատճառով շատ ուսանողներ չեն կարողանում ընդունվել համալսարան։

«Նորություն չէ, որ համալսարանական շատ ֆակուլտետների վարձավճարներ, որտեղ նույնիսկ անվճար տեղեր չկան, շատ ուսանողների ընտանիքների համար ուղղակի մատչելի չեն, համալսարանում սովորելու ընթացքում չկա ճկուն զեղչային համակարգ, որը կարող է ուսանողին մոտիվացնել։ Ձևավորվում է մի իրավիճակ, որ ուսանողը չի կարողանում սովորել», – ասաց Դավիթ Պետրոսյանը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, «Ռեստարտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հովհաննիսյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլանը:

«Ինձ համար շատ կարևոր է, որ լինի ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը, որը որևէ մեկի կողմից չի կառավարվում՝ որևէ բուհի ռեկտորի, որևէ կուսակցության, որևէ քաղաքական ուժի չի հարում», – իր ելույթում նշեց Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Ռեստարտ» նախաձեռնության գործունեությանը:

ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն էլ նշեց. «Ռեստարտ»-ն իր գաղափարախոսությամբ եկավ պահանջելու, որ՝ ժողովուրդ մենք բուհում ենք սովորում և մենք բուհից որակ պահանջելու իրավունք ունենք»:

«Ես շատ ուրախ եմ, որ ուսանողական նախաձեռնությամբ սկիզբ է դրվում մի նոր բանի, և ես վստահ եմ, որ մեծ նպատակի մի փոքրիկ մասն է այս հիմնադրամի ստեղծումով իրականացվելու», – հավելեց փոխնախարարը:

Հիմնադրամին ցանկացած անձ կարող է գումար փոխանցել, իսկ կրթավճարները կկարողանան տրամադրել սեպտեմբերից։ Հիմնադրամին կարող են դիմել նոր բուհ ընդունված ուսանողները, բակալավրում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորող ուսանողները։

Հիմնադրամն աշխատելու է երեք ուղղություններով՝ կրթաթոշակ, դրամաշնորհ, ուսման վարձի փոխհատուցում, որոնք կտրամադրվեն բալային համակարգով՝ հաշվի առնելով կրթական-գիտական չափանիշը, որի մեջ ներառվում է ՄՈԳ-ը, գիտական հոդվածների առկայությունը, գիտաժողովների մասնակցություն, և երկրորդ չափանիշը՝ կամավորական աշխատանքը, բալային համակարգի առավելագույն միավորը 100-ն է, նվազագույն շեմը՝ 65-ը։ Հոգաբարձուների խորհուրդը կորոշի, թե ով է ստանալու դրամաշնորհը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ