fbpx
Խորհրդարան
14:30 11/12/2019

Ուզում ենք ձևավորել դատական համակարգ, որը կգործի անկախ․ Ալեն Սիմոնյան

Երբ լուծում տալու ուղղությամբ քայլ է արվում, շահարկվում է այն բանը, որ իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որը իրեն հարմար կլինի: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ երբ փոխվեց իշխանությունը, խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ, ապա հիշեցրեց անցած տարվա հոկտեմբերի 2-ի դեպքերը, երբ այն ժամանակվա ԱԺ պատգամավորները արտահերթ նիստ էին գումարել:

«Ուզում եմ գաղտնիք բացել, հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ ԱԺ բակում տեղի էր ունենում պառլամենտի 100-ամյակին նվիրված տոնակատարություն, ես նույնպես հրավիրված էի, այնտեղ ՀՀԿ պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը՝ ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցիք, հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք՝ մի քանի օր անց ինչ կլինի: Ես այդ ժամանակ չհասկացա՝ ինչ էր ասվում, հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ փորձ կատարվեց կանգնեցնել այն ամենը, ինչ սկսվել էր Հայաստանում»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ հիմա կա դատական համակարգի խնդիր, և դա փաստ է:

Սիմոնյանը նշեց, որ դա փաստում են ոչ միայն իշխանությունները, և դրա մասին խոսում են բոլորը։

«Բայց երբ լուծում տալու ուղղությամբ քայլ է արվում, շահարկվում է այն բանը, որ իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որը իրեն հարմար կլինի: Եթե նման քայլի գնալու լինեինք, այդ համակարգը ի սկզբանե էր ստեղծվել սպասարկելու համար, այդ համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանության պահանջները, իշխանությունը դրանից հրաժարվել է: Մենք ուզում ենք ձևավորել դատական համակարգ, որը կգործի անկախ՝ որպես իշխանության երրորդ ճյուղ: Սա է իրողությունը, և որևէ ավել բան այդ ամենի մեջ չկա ու չի կարող լինել»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ընդդիմության դիտարկմանը, որ անպարկեշտ հանգամանք է, երբ մարդուն ուղարկում ես թոշակի ժամանակից շուտ, ԱԺ փոխնախագահն ասաց, որ որևիցե անպարկեշտ բան չի տեսնում այն բանի մեջ, որ մարդը ինքնաբացարկ հայտնի և հեռանա: Նրա խոսքով՝ դա հնարավորություն է այս իրավիճակից դուրս գալու։

Այն հարցին, որ եթե որևէ դատավոր չընդունի առաջարկը, ի՞նչ է լինելու, Սիմոնյանն ասաց, որ բոլորը, այդ թվում նաև միջազգային կառույցները ֆիքսել են, որ կա խնդիր։

«Եվ սա մեկնված ձեռք է բոլորին: Հիմա կա կոնկրետ մեկնված ձեռք, թե ով կսեղմի այդ ձեռքը, ես չգիտեմ: Ի՞նչ է լինելու, որևիցե կատաստորֆիկ բան չի լինելու, մեկնելու ենք մյուս ձեռքը: Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե մենք նստած մտածում ենք՝ բա էսօր ի՞նչ անենք, որ այդ հարցը լուծվի, որովհետև այդ հարցը էսպես թե էնպես լուծվելու է։ Հավատացե՛ք, դա մեր օրակարգի խնդիրների մեջ նույնիսկ առաջին տասնյակի մեջ չէ»,-ասաց նա:

Սիմոնյանը նաև նշեց, որ կտեսնեն այստեղ ինչ է կատարվում, նոր կգնան առաջ: Նա ընդգծեց, որ կարևորն այն է, որ ՀՀ-ն և քաղաքացիներին ցնցումների չենթարկեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ