fbpx
Սպորտ

Մեր նպատակն է առաջիկա 5 տարում շուրջ 700 փոքր խաղադաշտ կառուցել. Ա. Վանեցյան

Արթուր Վանեցյանը Ազատություն Tv-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև հայկական ֆուտբոլի մասին:

«Ցավոք, հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ՀՖՖ-ի աշխատանքը (հատկապես նախագահի), գնահատվում է ազգային հավաքականի արդյունքով. հաղթեց` լավն է, պարտվեց` վատն է: Ջիբրալթարից կրած պարտությունից հետո դարձել էի երկրի ամենամերժված մարդը: Երբ մարզադաշտից դուրս եկա, երկրպագուները գոռում էին, ինչ ասես ասում: Հետո, Հայաստանի հավաքականը հաղթեց Մակեդոնիային, դուրս եկա ստադիոնից և 10 հազար մարդ իմ անունն էր վանկարկում:

Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլը: Այսինքն, ֆուտբոլ խաղան հնարավորինս շատ երեխաներ: Դրա համար հարկավոր են խաղադաշտեր, գնդակներ և ամենակարևորը` մարզիչներ: Դաշտերի հետ կապված այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին: Դուբլինում հանդիպել եմ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեվերինին: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀՖՖ-ին որոշակի ֆինանսական աջակցություն տրամադրելու շուրջ, որպեսզի կարողանանք խաղադաշտեր կառուցել: Մեր նպատակն է առաջիկա 5 տարում շուրջ 700 փոքր խաղադաշտ կառուցել: 2019 թվականին Վայոց Ձորի մարզում 12 փոքր դաշտ ենք կառուցելու: Վերակառուցելու ենք Եղեգանձորի ստադիոնը: Կառուցելու ենք ֆուտբոլի դպրոց Մարտունիում, հիմա արդեն սկսել ենք աշխատանքները Սիսիանի ֆուտբոլի դպրոցում, Արմավիրում, Էջմիածնում:

Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի, ում անունը դեռ չեմ կարող ասել: Իմ ֆուտբոլային գործընկերները հիմա շունչները պահած սպասում են` արդյո՞ք կասեմ նրա անունը, բայց չեմ կարող, որովհետև նա գործող պայմանագիր ունի: Հունվարի 6-ին կկարողնանք նրա անունը տալ: Նա համաձայնվել է գալ Հայաստան, մարզել մեր մարզիչներին և գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր: Նրա երկիրը, որտեղ նա աշխատել է, հիմա ֆուտբոլային աշխարհի առաջատարն է: Նա ունեցել է 9 աշխարհի չեմպիոն, Եվրոպայի 6 չեմպիոն և այսօրվա ֆուտբոլային աստեղերի մեծամասնությունը եղել են նրա աշակերտները: Նա միշտ մարզել է 17, 18, 19, 21 տարեկան ֆուտբոլիստների: Նա հիմք է դնելու մեր ֆուտբոլային լուրջ հաջողություններին: Ֆուտբոլն իսկապես գիտական մոտեցում է: Ոչ ոք չէր հավատում, որ այդ մասնագետին կարող ենք բերել Հայաստան: Հիմա նա ՈւԵՖԱ-ում եվրոպական բոլոր երկրների համար դասընթացներ է կարդում: Երբ դա անի ՀՖՖ-ի հետ պայմանագիր կնքելուց հետո, Եվրոպայում բոլորի համար այդ դասերը կարդալու է Հայաստանի դրոշի ներկայացուցիչը լինելով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականին միացել է նաև Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆիզպատրաստության մարզիչը, և հիմա բոլորը նշում են, որ արդեն տարբերություն կա ֆուտբոլիստների նախկին ֆունկցիոնալ վիճակի համեմատ. արդեն մինչև վերջ վազում են:

Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեծ նվիրումով է աշխատում: Նա օր ու գիշեր մեր հավաքականի հաջողոթյան համար է աշխատում: Թիմում արդեն երիտասարդ ֆուտբոլիստներ է ներգրավել, որոնք հաջող են մեկնարկել»,- ասել է Վանեցյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ