ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ, որի անդամները հիմնականում Գյուղական և տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի անդամներն են:
Ողջունելով հյուրերին՝ Վարազդատ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ փոխայցերն առավել կամրապնդեն երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները: Նա անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը և նկատել, որ Չեխիան ևս տարիներ առաջ անցել է նման հեղափոխության ճանապարհով, հաստատել կառավարման արդյունավետ փորձ, որի ուսումնասիրությունը դրական կարող է լինել Հայաստանի համար:
Սենատի փոխնախագահ Միլան Շտեխը տեղեկացրել է, որ Գյուղական և տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նպատակը Չեխիայի մեծ և փոքր քաղաքների, համայնքների հավասար զարգացման ապահովումն է:
Զրուցակիցները քննարկել են համայնքների զարգացմանն ու խոշորացմանը, տարածքային կառավարմանը, բնապահպանությանն ու գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, միմյանց ներկայացրել հանձնաժողովների աշխատանքների ուղղությունները, ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:
Չեխիայի Սենատի գյուղական և տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները ներկայացրել են փոքր քաղաքների և համայնքների զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ 10,5 մլն բնակչություն ունեցող Չեխիան ունի 6300 տեղական ինքնակառավարման մարմիններ, և այնտեղ ևս արդյունավետ կլիներ համայնքների խոշորացումը: Ըստ հյուրերի՝ խնդիրը կա, սակայն համայնքների խոշորացման գործընթաց չեխական օրակարգում այսօր չկա:
Վարազդատ Կարապետյանը չեխ գործընկերներին է ներկայացրել Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող փոփոխությունները, անդրադարձել համայնքների խոշորացման գործընթացին՝ նշելով, որ դրա նպատակը տարածաշրջանների զարգացման ապահովումն է:
Հանձնաժողովի նախագահը նաև խոսել է գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում առկա խնդիրներից, դրանց կարգավորման համար արժևորել միջազգային լավագույն փորձի ներգրավումը:
Նա ընդգծել է, որ մեր երկրի նպատակներից մեկը գյուղատնտեսության ոլորտում էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրությունն է և արտահանումը: Մաքուր սննդից բացի Հայաստանը շահագրգիռ է կարգավորել բնապահպանական խնդիրները, որոնցում մեծ տեղ են գրավում հանքարդյունաբերությունն ու Սևանա լճի պահպանությունը:
Հայ և չեխ գործընկերներն անհրաժեշտ են համարել բազմաշերտ խնդիրների քննարկումը հետագայում ևս: