fbpx
Աշխարհ

Վրաց ընդդիմությունը միավորում է ուժերը՝ «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»

Վրաստանի հինգերորդ նախագահի պաշտոնամուտի արարողությունից 11 օր առաջ երկրի ընդդիմությունը հայտարարում է ուժերի միավորման և միասնական համակարգող մարմնի` «Կոնսուլտացիոն խորհրդի» ստեղծման մասին: Նման հայտարարությամբ երկրի առաջատար ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդես եկան չորեքշաբթի օրը Լեյբորիստական կուսակցության գրասենյակում կայացած նիստից հետո: Ընդդիմադիրները նոր ի հայտ եկած այս ձևաչափը կատակով անվանում են «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»:

«Բացարձակապես բոլոր ընդդիմադիր կուսակցությունները համամիտ են երեք հիմնական պահանջների հետ: Նախ և առաջ, խոսքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի ձևավորումը կարգավորող օրենքի արմատական փոփոխության մասին է: Բացի այդ, մենք համակարծիք ենք, որ երկրում պետք է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ սահմանվի», – նշում էր նախագահի արդեն նախկին թեկնածու, «Ազգային միացյալ շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեն:

Առաջիկա 10 օրերին միասնական ընդդիմության ներկայացուցիչները կայցելեն Վրաստանի տարբեր շրջաններ` հանդիպելով շարքային քաղաքացիների հետ և նրանց իրազեկելով դեկտեմբերի 16-ին Թբիլիսիի կենտրոնում կազմակերպվող բողոքի ցույցի մասին:

Թերևս հենց այս բողոքի գործողությունից և այն ուղեկցող բարդություններից խուսափելով է, որ վրացական իշխանությունները այս շաբաթ որոշեցին երկրի պատմության մեջ առաջին անգամ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կազմակերպել ոչ թե մայրաքաղաքում, այլ Կախեթիի մարզկենտրոն Թելավիում:

«Սա աննախադեպ իրադարձություն է մեր քաղաքական պատմության ընթացքում, երբ նախագահի երդմնակալության արարողությունը կազմակերպվում է ոչ թե մայրաքաղաքում, ոչ թե քաղաքական կենտրոն հանդիսացող բնակավայրում, այլ՝ մարզային կենտրոնում: Դա վկայում է իշխանության սնանկության մասին: Ակնհայտ է, որ իշխանությունը, որ ձեռք է բերվել փողով, ընտրությունները, որոնցում հաղթել ես փողի օգնությամբ, լեգիտիմ համարվել չեն կարող», – նշում էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

Վրացական իշխանությունները, սակայն, պնդում են, որ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության տեղափոխումը Թելավի ներքաղաքական զարգացումների հետ որևէ կապ չունի: «Զուրաբիշվիլին բազմիցս հայտարարել է, որ լուրջ ուշադրություն է դարձնելու մարզերի զարգացմանը, այդ իսկ պատճառով էլ ընտրել է Թելավին», – լրագրողների հետ զրույցում նշել է Կախեթիի նահանգապետ Իրակլի Կադաղիձեն:

Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը կայանալու է դեկտեմբերի 16-ին վրաց արքա Հերակլ երկրորդի Թելավիում գտնվող պալատում, որտեղ այժմ տեղակայված է քաղաքային պատմության թանգարանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ