fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ կընտրվի առանց քվեարկության

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սկսված հետընտրական զարգացումների վերջնական հանգուցալուծումը տեղի ունեցավ հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանի որոշման հրապարակմամբ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Բարձր դատարան ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, սակայն դատարանը մերժեց դիմումները և ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

Azat TV-ին վարչապետի ընտրության ընթացակարգի մասին զրուցել է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի հետ։

Հարցին, թե ինչ ընթացակարգ է սահմանված վարչապետի ընտրության համար պարզաբանեց․ «Վարչապետի ընտրությունը և նշանակումը սահմանվում է Սահմանդրության 149 հոդվածով։ Սահմանադրությունում հստակ նշվում է, որ Ազգային ժողովի կազմավորումից հետո ՀՀ նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում՝ քաղաքական մեծամասնության ներկայացրած անձին։ Դա նշանակում է՝ Ազգային ժողովը որպես այդպիսին քվեարկություն չի կազմակերպում»։

Խալաթյանի խոսքով՝ Ազգային ժողովի մնացյալ ուժերի համաձայնության կարիքը չկա։

«Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ տեղի է ունենում պատգամավորների երդման արարողությունը, ձևավորվում են ԱԺ մարմինները, դրանից հետո տեղի է ունենում վարչապետի ընտրությունը։ Վարչապետի ընտրությունը տեղի է ունենում ԱԺ անդրանիկ նիստից հետո»,- պարզաբանում է սահմանադրագետը։

ԱԺ անդրանիկ նիստից հետո քաղաքական մեծամասնությունը ներկայացնում է իր թեկնածուին ՀՀ նախագհին, ով անհապաղ՝ առանց որևէ քննարկման և վերանայման հնարավորության նշանակելու է վարչապետ։

«2018-ին ևս այս կարգով է եղել վարչապետի ընտրությունը։ Պետք է նշել, որ քաղաքական մեծամասնության ինստիտուտը սահմանադրական ինստիտուտ է դարձել՝ ըստ փոփոխված Սահմանադրության»,- հավելում է Արաշես Խալաթյանը։

Խալաթյանի խոսքով՝  Սահմանադրությունը հստակ սահմանում է վարչապետի ընտրության ընթացակարգը և ներկայիս ընդդիմությունը, նույնիսկ մեծ երևակայության պայմաններում, չի կարողանա խոչընդոտել իրավական գործընթացներին։

Շողիկ Կակոյան

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ