ՆՅՈՒ ՅՈՐՔ — Վենեսուելայի պաշտոնանկ արված նախագահ Նիկոլաս Մադուրոն և ԱՄՆ արդարադատության նախարարության դատախազները համատեղ առաջարկել են 2027 թվականի հունիսին սկսել Մադուրոյի դեմ թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով քրեական դատավարությունը։ Այս մասին նշվում է երեքշաբթի՝ 2026 թվականի հուլիսի 21-ին, դատարան ներկայացված փաստաթղթում, հաղորդում է Reuters գործակալությունը։
Համատեղ առաջարկը ներկայացվել է չորեքշաբթի օրը Մանհեթենի դաշնային դատարանում նախատեսված դատական լսումներից առաջ, որը նախագահելու է ԱՄՆ շրջանային դատավոր Ալվին Հելերսթեյնը։ Հենց դատավորն է ի վերջո սահմանելու դատաքննության ժամանակացույցը։ Դատական հայցում կողմերը նշել են, որ հետագայում կարող են փոփոխություններ խնդրել այս ժամանակացույցում։ Ներկայացված փաստաթուղթը նախանշում է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաաղմկահարույց և աննախադեպ քրեական գործերից մեկի հնարավոր հաջորդ քայլերը։
ԱՄՆ հատուկ ջոկատայինները Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, ձերբակալել էին 2026 թվականի հունվարին Կարակասում իրականացված գիշերային գործողության ժամանակ և տեղափոխել Նյու Յորք։ Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել ներկայացված մեղադրանքներում և հունվարից ի վեր պահվում են Բրուքլինի դաշնային բանտում։
Ըստ առաջարկվող ժամանակացույցի՝ Մադուրոյի պաշտպանական կողմը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը պետք է ներկայացնի իրավական միջնորդությունների առաջին փուլը՝ գործը կարճելու պահանջով։ Սպասվում է, որ պաշտպանները կվիճարկեն դատական հետապնդման օրինականությունը՝ պնդելով, որ Մադուրոն, որպես ինքնիշխան պետության ղեկավար, պետք է օգտվի քրեական անձեռնմխելիությունից։
Միջնորդությունների երկրորդ փուլը նախատեսվում է ներկայացնել մինչև 2027 թվականի հունվարի 11-ը՝ այն բանից հետո, երբ դատախազները պաշտպանական կողմին կփոխանցեն գործով առկա գաղտնի ապացույցները։
Մադուրոն, որը Վենեսուելան ղեկավարել է 2013 թվականից մինչև իր ձերբակալությունը, հունվարի 5-ի դատական նիստի ժամանակ իրեն անվանել էր «ռազմագերի»։ Նա երկար ժամանակ մեղադրում է Միացյալ Նահանգներին իրեն տապալելու փորձերի մեջ՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել Վենեսուելայի նավթային հսկայական պաշարների նկատմամբ։
Վաշինգտոնը, որը 2019 թվականից դադարել է ճանաչել Մադուրոյին որպես Վենեսուելայի օրինական նախագահ, նրան համարում է կոռումպացված բռնապետ, ում տնտեսական քաղաքականությունը հանգեցրել է երկրի տնտեսական փլուզմանը։ ԱՄՆ-ը նաև մեղադրում է Մադուրոյին 2018 և 2024 թվականների նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։

