ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել է Վայոց ձորում Քաղաքացու օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած միջադեպին։
««Իմ Քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը, շատ տարօրինակ տեսանյութ էր հրապարակել, որտեղ անթաքույց և հուզված մեղադրում էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանին և առհասարակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ։
Սկսեմ սկզբից.
Որոշակի տեղեկության համաձայն՝ «Քաղաքացու օրը» նշելու ընթացքում, Վայոց Ձորի մարզում, տեղի է ունեցել իբր մի միջադեպ փոխմարզպետի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանի միջև։
Սա մեկ.
Երկրորդը` «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորը շատ հուզված պնդում էր, որ ԲՀԿ պատգամավոր՝ Բագրատյանը, հայհոյել է ինչ-որ փոխմարզպետի և քիչ էր մնում ծեծի ենթարկեր (այս պահին իմ աչքերը սկսեցին զարմանքից կլորանալ):
Առաջին հերթին, կցանկանայի մի երկու պարզաբանում տալ այդ՝ բացարձակ ապատեղեկատվության վերաբերյալ, որը, ցավոք, հնչեցվեց մեր գործընկերոջ կողմից, չգիտեմ՝ գիտակցաբար թե ոչ, կամ գուցե՝ անփորձության և ավելորդ էմոցիայի ազդեցության տակ։
Առաջին` ոչ ոք, ոչ ոքի չի փորձել ծեծել։ Դա սուտ է և փաստացի զրպարտություն
կամ փոխմարզպետի հիվանդագին երևակայությունն է, որով վերջինս փորձում է արդարացնել իր՝ ոչ ադեկվատ և տարօրինակ պահվածքը։
Անձամբ ճանաչելով Սերգեյ Բագրատյանին, վստահ եմ, որ ոչ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, ոչ էլ տեղի է ունեցել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորի և փոխմարզպետի կողմից նկարագրված միջադեպը (ավելի ճիշտ, ոչ այն սցենարով, որը հուզված ներկայացնում է մեր գործընկերը)։
Ինչևիցե, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին դատել սթափ, հազար անգամ մտածել և մանրակրկիտ վերստուգել տեղեկությունները հրապարակելուց առաջ, հատկապես երբ խոսքը վերաբերվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ի վերջո քաղաքական պատասխանատվություն գոյություն ունի) ։
Ինչ վերաբերվում է միջադեպին, ապա ես ուղղակի հորդորում եմ մեր գործընկերներին հետևություններ անել ստեղծված իրավիճակից և առաջին հերթին բացատրել իրենց թիմակից փոխմարզպետին, որ, այո՛, «իրավիճակ է փոխվել» և պրիմիտիվ զրպարտությունով էլ հնարավոր չէ «անուն» ձեռք բերել։
Իսկ թե ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է այդ սադրանքը իրականացվել, հարկ եղած դեպքում անպայման կանդրադառնամ, շատ եմ ուզում կարծել, որ սա պարզապես թյուրիմացություն է։
Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները, և ըստ այդմ, կանենք վերջնական եզրակացություններ։
Հ.Գ.Տարօրինակ է, որ վերջերս շատ են փորձում մեզ ցուցումներ տալ մեր կոլեգաները։ Դա ոչ ցանկալի կասկածների տեղիք է տալիս»։