Հայաստանի ազգային հավաքականը երեկ իր վերջին մարզումն է անցկացրել՝ Գերմանիայի դեմ խաղից առաջ։
Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին կընդունի խմբի առաջատարին։ Հանդիպումը մեկնարկելու է ժամը 21:00-ին։
Նշենք, որ մեր հավաքականն այս խաղով ոչ մի մրցաշարային խնդիր չի լուծում և միակ խնդիրը մրցաշարը պատվով ավարտելն է ու նախորդ ծանր պարտության ապրումները վերափոխելը։
Մեր ընտրանին 2022-ի գարնանը մասնակցելու է Ազգերի Լիգայի մրցաշարին և կարևոր է, որ տղաները գնան այդ մրցաշարին նորմալ տրամադրությամբ։
Բացի սա, նաև Խոակին Կապառոսը խնդիր ունի ցույց տալու, որ, այնուամենայնիվ, կրած պարտություններն ու անհաջողությունները չեն նշանակում, որ իր կառուցած թիմը չի կարող լուծել իր առաջ դրված խնդիրները։
Բարդ է պատկերացնել, թե ինչ «սրտով» է մեր հավաքականը կարողանալու այսօր պայքարել հաղթանակի համար, այն էլ՝ Գերմանիայի պես հավաքականի դեմ, որն իր լավագույն մարզավիճակներից մեկում է գտնվում, բայց պետք է․․․ ինչ-որ կերպ պետք է։
Այնպես որ, մեզ սպասվում է՝ առաջին հայացքից ոչինչ չորոշող, բայց իրականում շատ ծանր ու կարևոր հանդիպում։ Այս խաղով նաև կարող է որոշվել՝ Կապառոսը կմնա՞ թիմում հետագայում, թե՞ Ազգերի Լիգայում մեր ընտրանին կներկայանա արդեն նոր մարզչով և նոր լուծումներով։