fbpx
Առողջապահություն

Որո՞նք են մղձավանջների պատճառները

Մղձավանջների հաճախակի բնույթ ստանալը կարող է հուշել աուտոիմունային հիվանդությունների, այդ թվում՝ գայլախտի զարգացման մասին: Այս եզրահանգմանն են եկել Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են EClinicalMedicine ամսագրում։

Գիտնականները տվյալներ են հավաքել գայլախտով (հոդերի, մաշկի, երիկամների և այլ օրգանների ու հյուսվածքների աուտոիմունային հիվանդություն) և այլ համակարգային աուտոիմունային ռևմատիկ հիվանդություններով 69 բուժառուի առողջական վիճակի մասին։ Բացի այդ, կամավորներին խնդրել են նշել՝ արդյոք իրենց կյանքի տարբեր փուլերում, այդ թվում՝ մինչ հիվանդության սրումը, նյարդաբանական կամ հոգեբանական ախտանշաններ նկատել են, թե ոչ։

Արդյունքում պարզվել է, որ գայլախտի զարգացումը կամ ախտանշանների սրումը կանխատեսող ամենատարածված նշաններից է եղել մղձավանջների հաճախականության աճը։

Հետազոտությանը մասնակցած կամավորների մեկ երրորդը հայտնել են, որ սկսել են տհաճ երազներ տեսնել գայլախտի ի հայտ գալուց ավելի քան մեկ տարի առաջ։ Ընդհանուր առմամբ՝ գայլախտով հիվանդ հինգ բուժառուից երեքը և ռևմատոլոգիական այլ հիվանդություններով յուրաքանչյուր երրորդ բուժառուն հայտնել են վառ ու տհաճ մղձավանջների մասին։ Առավել հաճախ կամավորները երազում հարձակման էին ենթարկվում, տարատեսակ թակարդների մեջ էին հայտնվում կամ ընկնում։

Գիտնականները ենթադրում են, որ ստացված տվյալները կարելի է օգտագործել աուտոիմունային հիվանդությունների բուժման և կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու համար: Այնուամենայնիվ, պատճառները, թե ինչու են նման ախտաբանություններին նախորդում մղձավանջները, դեռևս պարզ չեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ