2020-2021 ուսումնական տարվա ոսկե մեդալակիրների թվով առաջատարը Շիրակի մարզն է։ Հանրապետության 95 ոսկե մեդալակիրներից 32-ը մարզի շրջանավարտներ են։
Նշվում է, որ ոսկե մեդալակիրներին այսօր հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Մեդալակիրները Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը խոսել են իրենց ապագա ծրագրերից, ընտրած մասնագիտությունների կարևորությունից։
Շիրակի մարզպետը շնորհավորել է բոլոր մեդալակիրներին։
«Ձեր այս նվաճումը պատվաբեր է ինչպես ձեր, ձեր ծնողների, ուսուցիչների և ուսումնական հաստատությունների, այնպես էլ Շիրակի մարզի համար։ Ոսկե մեդալը ձեր մեծ հաղթանակներից ամենափոքրը պետք է լինի, այն դուք հաղթահարեցիք ամենայն պատասխանատվությամբ, հետագայում էլ եղեք նույնքան ինքնավստահ ու գիտության, մասնագիտության մեջ էլ հասեք շատ մեծ բարձունքների, մեր երկրին պետք են դրանք։ Ես վստահ եմ՝ դուք կհաղթահարեք ցանկացած փորձություն, միայն հիշեք, որ ձեր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները պետք են մեր երկրին, մեր մարզին։ Իսկ, որ դուք շատ կարևոր նախաձեռնությունների ու նորարարությունների հիմքում դեր եք ունենալու, դրանում կասկած չունեմ»,- նշել է Շիրակի մարզպետը։