Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար նախատեսված է տուգանք

Հրապարակող՝

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար նախատեսված է տուգանք

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մանուկ Մուրադյանը գրառման մեջ անդրադարձել է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հանգամանքին։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրեսգրքի 182-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար և որպես իրավական հետևանք (սանկցիա) նախատեսված է տուգանքը որպես վարչական տույժի տեսակը (նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով):

Դիտարկվող դեպքում զանցակազմը նյութական չէ, այլ կերպ՝ օրենսդիրը իրավախախտման տվյալ տեսակի առկայությունը չի կապում վնասի կամ դրա չափի հետ, ինչպես նաև էական չէ այն կատարած անձը:

Հատկանշական է, որ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի այն օրինական պահանջների չկատարում է առաջացնում պատասխանատվություն, որը հնչեցվել է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման և օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում (ինչը հայտնի օրինակում կասկած չի հարուցում):

Ուշագրավ է այն հանգամանքը, որ օրենսդիրը հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը որակել է որպես վարչական իրավախախտում` այն ամրագրելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ» խորագրով գլխում:

Պետաիշխանական լիազորություններով օժտված յուրաքանչյուր մարմին, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում (ինչը հայտնի օրինակում կասկած չի հարուցում):

Պահանջի օրինականությունը ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է ելնել հետևյալ այն չափանիշներից, որ պահանջը պետք է ներկայացվի իրավասու սուբյեկտի, կոնկրետ դեպքում` ոստիկանության զորքերի զինծառայողի, ոստիկանության ծառայողի կողմից (ինչը հայտնի օրինակում կասկած չի հարուցում), և որ իրավասու սուբյեկտի կողմից ներկայացվող պահանջը պետք է ունենա համապատասխան իրավական հիմք, այսինքն` իրավասու սուբյեկտի հանրային-իրավական վարքագիծը պետք է բխի իր լիազորություններից, կոնկրետ դեպքում` հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման լիազորություններից (ինչը հայտնի օրինակում ևս անխոցելի է):

Քննարկվող գործի շրջանակներում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի պահանջի օրինականությունն ապահովող իրավական գործիքակազմը բազմաբնույթ է: Որպես ոստիկանության զորքերի զինծառայողի և ոստիկանության ծառայողի գործունեության իրավական հիմք են հանդիսանում, մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքը, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը և դրա կատարումն ապահովող ենթաօրեսդրական ակտերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության խնդիրներից բխող և ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերը: Ոստիկանության ծառայողի պահանջի օրինականությունը գնահատման ենթակա է հանրային իրավահարաբերություններում վերջիններիս մասնակցությունը և լիազորությունները սահմանող իրավադրույթների և փաստացի դրսևորված վարքագծի իրավահամեմատության հիման վրա, ինչը, հայտնի դեպքով գնահատելիս, ոստիկանության գործողությունների իրավաչափությունը կասկած չի հարուցում:

Ավելին՝ ՀՀ քրեական օրեսգրքի 316-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Մեջբերում ՀՀ քրեական օրենսգրքիցից՝

Հոդված 316. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Հ.Գ. Անհրաժեշտ է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, խուսափել դիմադրություն ցուցաբերելուց, նրանց արժանապատվությունը նսեմացնելուց»,- ասված է գրառման մեջ:

Նշենք, որ Մանուկ Մուրադյանը 2019թ. հոկտեմբերի 31-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ:

https://www.facebook.com/GOHARIKMANUKSYUZY/posts/2728294763943271

Ամենաթարմ