xAI ընկերության կողմից խոստացված արագ թողարկումների փուլը բախվել է լուրջ տեխնիկական խնդրի, ինչը ստիպել է փոխել ընկերության արտադրական պլանները։ Իլոն Մասկը փաստացի հետին պլան է մղել երկար սպասված Grok 4.7 մոդելը՝ անցնելով դեռևս չթողարկված Grok 4.8-ի գովազդմանը։ Ինչպես հաղորդում է Startup Fortune պարբերականը, Grok 4.7-ի հետաձգումը վկայում է ալգորիթմական խորքային խնդիրների, այլ ոչ թե թողարկման փուլի սովորական տեխնիկական թերությունների մասին՝ մշակողներին թողնելով առանց հստակ թողարկման ամսաթվի, API-ի կամ գնային քաղաքականության։
2026 թվականի սեպտեմբերի 11-ին Մասկը X սոցիալական ցանցում հայտնել էր, որ Grok 4.7-ին «ևս մի քանի օր է պետք պատրաստվելու համար»։ Նա հետաձգումը բացատրել էր ամրապնդող ուսուցման (reinforcement learning) խնդրով՝ նշելով, որ ինժեներական թիմը հավանաբար չափից ավելի է պատժել մոդելին երկար պատասխանների համար։ Օպտիմալացման այս սխալի պատճառով մոդելը սովորել է նախապատվությունը տալ կարճ պատասխաններին՝ հրաժարվելով բարդ տրամաբանական առաջադրանքներից և թերանալով սեփական աշխատանքի ստուգման հարցում։ Սեպտեմբերի 13-ին, ուղղված տարբերակը ներկայացնելու փոխարեն, Մասկը հայտարարեց Grok 4.8-ի մասին՝ այդպես էլ չնշելով որևէ հստակ ժամկետ երկու մոդելների համար էլ։
Ամրանապնդող ուսուցման խնդիրները և Grok 4.7-ի հետաձգումը
Մասկի նկարագրած տեխնիկական թերությունը հարվածում է հենց այն հնարավորություններին, որոնք անհրաժեշտ են բիզնես մակարդակի AI առաջադրանքների համար։ Ամրապնդող ուսուցումը նախատեսված է մոդելի արդյունքները մարդկային սպասումներին համապատասխանեցնելու համար։ Սակայն պատասխանի երկարության չափից ավելի սահմանափակումը կարող է պատահականորեն սովորեցնել նեյրոնային ցանցին լինել մակերեսային։ Ծրագրավորման, մաթեմատիկական թեորեմների ապացուցման և ինքնավար հետազոտական գործակալների համար մոդելը պետք է կարողանա իրականացնել երկար, բազմաքայլ ստուգումներ։ Մոդելը, որն արագ դադարեցնում է աշխատանքը տոկենների քանակը խնայելու համար, պիտանի չէ նման ծանրաբեռնվածության համար։
Ներկայումս xAI-ի պաշտոնական փաստաթղթերում որպես առաջատար մոդել դեռևս նշվում է Grok 4.6-ը, որը թողարկվել է 2026 թվականի օգոստոսի 12-ին։ Չնայած Մասկի նախկին հայտարարություններին, ըստ որոնց՝ Grok 4.6-ն ունի 1.5 տրիլիոն պարամետր, իսկ Grok 4.7-ը՝ 2.1 տրիլիոն, ավելի մեծ տարբերակը դեռևս հասանելի չէ ծրագրավորողներին, ովքեր կայուն API-ների կարիք ունեն։
Մրցակցային դաշտը և անվտանգության մարտահրավերները
xAI-ի այս ուշացումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ ոլորտի մյուս խոշոր խաղացողները արագ տեմպերով նոր մոդելներ են թողարկում։ Սեպտեմբերի 1-ին Anthropic-ը թողարկեց իր Claude Fable 5.1 և Mythos 5.1 մոդելները։ Google DeepMind-ը սեպտեմբերի 2-ին ներկայացրեց Gemini 3.8 Flash-ը, իսկ OpenAI-ը սեպտեմբերի 3-ին հրապարակեց GPT-6 Astra-ի անվտանգության տվյալները։ Այս թողարկումները ցույց են տալիս մրցակցային այն մեծ ճնշումը, որի տակ գտնվում է xAI-ը։
Իրավիճակն ավելի է բարդանում Grok Build գործիքի հետ կապված անվտանգության խնդիրներով։ Անկախ հետազոտողները պարզել են, որ գործիքը գաղտնի կերպով xAI-ի ամպային տիրույթ է վերբեռնել ծրագրավորողների ամբողջական կոդերը, ներառյալ՝ ջնջված գաղտնաբառերն ու հասանելիության բանալիները։ Սա ուղղակիորեն հակասում է ընկերության՝ տվյալները չպահպանելու խոստմանը։ Թեև Մասկը խոստացել է ջնջել այդ տվյալները, հստակ ժամկետներ կամ տեխնիկական ապացույցներ դեռևս չեն ներկայացվել։

