fbpx
ՏՏ

YouTube-ից կարող է հեռացվել «դիսլայքի» կոճակը

Տեսանյութերի հրապարակման YouTube կայքի մասնագետները տարբերակներ են դիտարկում «Դիսլայք» կոճակը հեռացնելու վերաբերյալ: Նրանց նպատակն է կոճակի հեռացումով հասնել նրան, որ չարամիտներն այլևս չկարողանան նպատակադրված գցել տեսանյութերի վարկանիշները՝ օգտվելով այդ կոճակը չարաշահելու հնարավորությունից: Այս մասին իր ամենաթարմ տեսաուղերձում հայտնել է կայքի ծրագրերի ղեկավար Թոմ Լեունգը:

Նա նշել է, որ քննարկվում է մի քանի տարբերակ, և կոճակն ընդհանրապես հանելը ամենածայրահեղ միջոցն է. կան ավելի մեղմ, բայց բարդ տարբերակներ: Մասնավորապես քննարկվում է «հակահավանել» ցանկացողներին ստիպել, որ պատասխանեն կարճ հարցման. եթե հրապարակված տեսանյութը դուր չի գալիս, ապա օգտատերը պետք է բացատրի, թե ինչու, այլապես բացասական գնահատումը չի հաշվվի:

Կա ևս մեկ քննարկվող տարբերակ՝ դիտողներին «դիսլայք» անել-չանելու հնարավորություն տալը թողնել տեսանյութը տարածողի հայեցողությանը, որպեսզի ցանկության դեպքում նա կարողանա սահմանափակել այդ հնարավորությունը: Ի դեպ, նման կարգավորում գործում է մեկնաբանությունների դաշտի համար. տեսանյութեր տեղադրողները կարող են արգելել մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը:

«Դիսլայքերի» թեման ամենահներից է սոցիալական ցանցերում: «Ֆեյսբուք»-ի վերաբերյալ այդպիսի քննարկումները նվազեցին այն ժամանակ, երբ սոցցանցը օգտատերերին թույլ տվեց ոչ միայն հավանել (ցանցի լեզվով՝ «լայքել») հրապարակումները, այլև «հակահավանել» դրանք, ինչպես նաև այլ հույզեր արտահայտել այդ հրապարակումների վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ