ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հունիսի 28-ին հաղորդագրություն է տարածել և անդրադարձել է զանգվածային ջրանջատումներին։
ՄԻՊ-ին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։
Բողոքների ու ահազանգերի համաձայն`ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու կամ ծանուցումն իրականացվել է ջրանջատումներից հետո` ուշացումներով: «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության պաշտոնական կայքէջում ջրանջատումների մասին տեղեկատվությունը նույնպես տեղադրվել է ուշացումով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել ու չեն ունենում ջուր հավաքելու հնարավորություն։
- ՄԻՊ-ը մրցանակ է ստացել հայկական PR ասոցիացիայից
- Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են․ ՄԻՊ
Դրանից բացի, ըստ բողոքների, մարդիկ չեն կարողանում կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ «թեժ գծի» հեռախոսահամարով ջրի մատակարարման դադարեցման պատճառների և ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ ստանալու նպատակով։
Ուսումնասիրվել են նաև զանգվածային լրատվության միջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումներ․ մարդիկ բարձրացնում են նաև խմելու ջրի համի և որակի փոփոխության հարց։
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ անթույլատրելի է այն, որ ամռանն ու Նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից։
Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ բողոքները ջրանջատումների վերաբերյալ զանգվածային բնույթի են` Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ, պարզաբանումներ են պահանջվել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից։