fbpx
Զինված Ուժեր
13:30 19/07/2019

Զինծառայող Յուրի Բրոյանին տեղափոխել են հոսպիտալ

Զինծառայող Յուրի Բրոյանին տեղափոխել են հոսպիտալ

Զինծառայող Յուրի Բրոյանը ՊՆ ռազմական ոստիկանությունից տեղափոխվել է Կանազի հոսպիտալ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի փաստաբան Հայարփի Սարգսյանը։

«Մոտ երկու շաբաթ պետք է հետազոտվի, որի արդյունքում կկայացվի վերջնական որոշում», – ասաց նա։

Նշենք, որ Յուրի Բրոյանը երեկ ներկայացվել է Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, որից հետո է տեղափոխվել հոսպիտալ։

Փաստաբանն ասաց, որ հանձնաժողովի վերջնական որոշումը կլինի երկու շաբաթից։

«Բայց ակնհայտ է ու ես ինքս ակնկալում եմ, հաշվի առնելով քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների կարծիքը, որ ինքը չպետք է շարունակի ծառայությունը», – ասաց նա։

Հայարփի Սարգսյանը նշեց, որ առողջական վիճակում դեպի լավ փոփոխություններ չկան։

«Ցնցումները շարունակվում են, միայն մի քիչ տրամադրությունն է բարձր», – ասաց նա։

Հիշեցնենք՝ Յուրի Բրոյանը բանակ էր զորակոչվել նախորդ տարվա օգոստոսին՝ թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ։

Ծառայություն անցնելուց տասն օր հետո նրան ծեծի է ենթարկել գումարտակի հրամանատարը, երեք օր Բրոյանին փակել են «կապտյորկայում», նա փորձել էր ինքնավնասում կատարել, հետո տեղափոխել էին Կանազի հոսպիտալ։ Արդյունքում զինծառայողը կորցրել էր խոսելու ունակությունը, հայտնվել ցնցումների մեջ։

Հուլիսի 15-ին ՀՀ Պն ռազմական ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ շարքային Բրոյանը դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ:

«Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս», – հայտնել էին ՊՆ ՌՈ-ից։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ նշել էր, որ Յուրի Բրոյանի հարցով ՀՀ Պաշտպանության նախարարությունը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած։

Նա նաև հայտնել էր, որ Պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկել է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ