Թուրքիայի Ստամբուլ քաղաքի դատարաններից մեկի շենքի մոտ զինված հարձակում է տեղի ունեցել։ Հարձակման հետևանքով 2 մարդ սպանվել է, 6-ը՝ վիրավորվել։
Մանրամասները հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան՝ նշելով, որ սպանվածները հենց հարձակում գործած անձինք են, որոնք վնասազերծվել են, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Անհայտ անձինք փորձել են ներխուժել Չագլայան դատարանի շենքի մուտքի անվտանգության կետ։ «Հարձակվողները՝ տղամարդ և կին, սպանվել են», – ասվում է հաղորդագրությունում։
Վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք ոստիկան։ Դատարանի շենքը շրջափակված է, դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։
Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ հարձակվողները Թուրքիայում ահաբեկչական ճանաչված ձախ արմատական DHKP-C կուսակցության անդամներ են եղել։