Հունիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ժողովրդավարական անցմանը նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։
Միջոցառման բացմանը նախարար Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որտեղ մասնավորապես նշեց․ «Այց ցուցահանդեսն արտահայտում է հեղափոխության երկու ամիսների ոգին, որտեղ մարդիկ իրապես ստանձնում էին իրենց ճակատագրի հանդեպ պատասխանատվություն, դառնում կարևոր մի գործընթացի մասնակից, կերտում այդ հեղափոխությունը։ Այս լուսանկարներում դուք կտեսնեք կանանց, երեխաների, տարեցների, երիտասարդությանը, կտեսնեք բոլորին։ Դուք այդ մարդկանց աչքերում նաև կտեսեք հույս և վճռականություն․ և հենց սա էր առաջ մղում հեղափոխության ոգին»։
«Մենք հպարտ ենք այս հեղափոխությամբ, քանի որ սա ժողովրդի հեղափոխություն է։ Դա ոչ բռնի, խաղաղ, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն էր՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Կարծում եմ հատկանշական է, որ այս ցուցահանդեսը տեղի է ունենում հենց այն դահլիճի առջև, որտեղ մենք միասնական ջանքեր ենք գործադրում ամրապնդելու մարդու իրավունքները, համատեղ աշխատում՝ մարդու իրավունքները միջազգային հարթակում ամրապնդելու ուղղությամբ։ Սա համարեք մեր փոքր ներդրումը մարդկային կյանքի և արժանապատվության հաղթանակի գործում», – ընդգծեց ԱԳ նախարարը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։