ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առնչությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։