ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է երեկվա լարված իրավիճակին։
Դրանում նշվում է, որ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
«Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները», – ասվում է հայտարարությունում։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։