fbpx
Աշխարհ

Զուրաբիշվիլին ստորագրել է Գախարիային Վրաստանի վարչապետ նշանակելու հրամանագիրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Ավելի վաղ նրան իր վստահության քվեն էր տվել երկրի խորհրդարանը։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի կառավարության աշխատակազմին։

Վրաստանի խորհրդարանը կիրակի կայացած նիստում վստահության քվե էր տվել կառավարությանը՝ ի դեմս ներքին գործերի նախկին նախարար Գախարիայի։

«Հրամանը ստորագրված է նախագահի կողմից, Գեորգի Գախարիան աշխատանքի է անցել»,-հայտնել են աշխատակազմից:

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի կողմից կառավարությանը վստահության քվե շնորհելու պահից սկսած երկու օրվա ընթացքում երկրի նախագահը հաստատում է վարչապետի թեկնածուին, իսկ վերջինս, նույնպես երկու օրվա ընթացքում, հաստատում է կառավարության նոր կազմը։ Նշված ժամանակահատվածում նախագահի կողմից համապատասխան հրամանի արձակման բացակայության պարագայում վարչապետի լիազորություններն ինքնաբերաբար համարվում են հաստատված։

Սեպտեմբերի 2-ին Վրաստանի Մամուկա Բախտաձեն հայտարարել էր վարչապետի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին՝ բացատրելով, որ կատարել է իր բոլոր առաքելությունները և հանձնարարությունները։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածու իրավունք ունի առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքները գրանցած քաղաքական կուսակցությունը՝ այս պարագայում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին չի թաքցրել, որ իր մտահղացումն է եղել Գախարիայի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելը։

Նման որոշման վերաբերյալ հայտարարությանը հետևել է ընդդիմության և նրա կողմնակիցների բացասական արձագանքը։ Ընդդիմությունը հայտարարել է սպասվող բողոքի ցույցերի մասին՝ Գախարիայի կառավարումը թույլ չտալու պահանջով։ Ընդդիմությունը Գախարիայի նշանակումը համարում է ողջ բնակչությանը հասցված վիրավորանք, քանի որ հենց նրա՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելն էին պահանջում ցուցարարները ողջ երկրի մասշտաբով, սակայն դրա փոխարեն Գախարիայի պաշտոնը բարձրացրել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ