fbpx
Քաղաքականություն

Ընդերքը տարիներ շարունակ եղել է իշխող համակարգի գրպանը լցնելու միջոցներից մեկը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․

«Հանքարդյունաբերության շուրջ հանրային-քաղաքական մեծ քննարկումները, որ ծավալվում կամ, ավելի շուտ, դեռևս միայն նշմարվում են Ամուլսարի ներկայիս խնդրի համատեքստում, Հայաստանի համար պետք է թերևս լինեին անցյալ, պատմություն, շրջված մի էտապ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենար իր զարգացման գործընթացում հանքարդյունաբերության տեղի, դերի, նշանակության կոնցեպտուալ եզրահանգումներ և դրանց վրա մշակված քաղաքականություն:

Դրա փոխարեն, սակայն, Հայաստանն ունի մի իրավիճակ, երբ ընդերքը տարիներ շարունակ եղել է իշխող համակարգի գրպանը լցնելու ուղիղ և պարզ միջոցներից մեկը, ոչ ավելին: Հանրությանը մնացել են որոշակի հարկեր, որոնք, իհարկե, ինչ-որ դեր ունեցել են տնտեսության կառուցվածքում, սակայն դրան զուգահեռ գոյացել են հանրային առողջության և ընդհուպ գուցե կյանքերի հաշվին:

Այդ տարիների իրողությունների պայմաններում ամենևին զարմանալի չէ այն ծայրահեղությունը, որ նկատվում է այժմ Ամուլսարի հարցում: Անկասկած է, իհարկե, որ ծայրահեղությունները երբեք չեն կարող բերել այդօրինակ բարդ ու բազմաշերտ հարցերի խորքային, հիմնարար հանգուցալուծման, եթե չասենք, որ կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը: Սակայն մյուս կողմից՝ մենք գործ ունենք իրականության ցավալիորեն օբյեկտիվ մի պատկերի հետ, որը մեզ պետք է ստիպի խորհել ոչ միայն կոնկրետ հարցի, այլև հանքարդյունաբերության ռազմավարական հեռանկարի շուրջ, անել այն գործը, որը ցավալիորեն և թերևս դիտավորյալ չի արվել նախորդ շրջանում, որովհետև այն խանգարելու էր լուծել իշխող համակարգի հարստացման հարցը:

Այդ իմաստով խորհրդանշական է նաև, թեև բավականին տխուր տոնայնությամբ, որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 29-րդ տարեդարձի տոնական առիթը զուգորդվում է հանրային լարված իրադրության հետ: Տխուր խորհրդանշական՝ այն տեսանկյունից, որ Անկախության հռչակագրի ընդունումից մոտ 30 տարի անց մենք տեսնում ենք, թե որքան բացեր ենք թողել այդ երեսուն տարիներին, և ինչ հիմնարար խնդիրներ են անտեսվել, ստորադասվել խմբային, այսրոպեական, կոնյունկտուրային շահերին, ինչի հետևանքով մեր անկախության չորրորդ տասնամյակ մենք փաստացի թևակոխում ենք խորքային խնդիրներով, որ պետք է լուծած լինեինք առաջին երեք տասնամյակի ընթացքում:

Ներկայումս հարցն այն է՝ մենք կկարողանա՞նք գոնե այժմ գալ այդ խորքային, հիմնարար քննարկումներին՝ դուրս գալով ծայրահեղություններից և ընթացիկ կոնյունկտուրայից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ