ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում և նրա մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։ Այս մասին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հարցման՝ հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։ Այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը հարցման պատասխանը տրամադրեց դատարանին։
Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։
Հաշվի առնելով, որ առանց ամբաստանյալի դատական նիստը շարունակվել չէր կարող, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 5-ին։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Երկրորդ նախագահն առողջական վիճակից ելնելով չէր մասնակցում դատական նիստին։