Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել:
Միքայել Մինասյանը տեսանյութում պատմում է, որ 2019 թվականի փետրվարին հանդիպել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և հանդիպումը կայացել է Նիկոլ Փաշինյանի հանձնանարարությամբ:
Տեսանյութին կից Միքայել Մինասյանը գրել է.
«Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»
Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի սիմվոլիկ գումար վճարել ինչ-որ հիմնադրամի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն, սակայն պետք է դադարեցնի իր քաղաքական գործունեությունը և որոշ ժամանակ չվերադառնա Հայաստան:
«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, պարզապես անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի, պետք է ավելացնեմ, պետության թշնամի, որովհետև այն, ինչ այսօր կատարվում ՀՀ-ում և հայ ժողովրդի հետ, դա պարզապես դավաճանություն է»,-ասել է նա:
Միքայել Մինասյանը նշել է, որ դեսպանի աշխատանքը թողնելուց հետո բազմաթիվ առաջարկություններ է ստացել տարբեր կազմակերպությունների և երկրների կողմից, սակայն մերժել է դրանք, քանի որ չէր կարող նստել և նայել, թե ինչպես է երկիրը կործանվում:
«Այսօր կա մի իրավիճակ, որ չնայած պետության ղեկավարի բազմաթիվ հայտարարությունների, որ ես սեփականաշնորհել եմ ռազմավարական օբյեկտներ, որ այսպես, այնպես, թալանը, միլիարդները, կրկնում եմ, որ չկա մի փաստ թալանի և որևէ գործարքի, որ ես թալանչի եմ: Ես ուզում եմ հստակ ձեզ ասեմ՝ նայելով ձեր աչքերի մեջ, որ ես երբեք չեմ գողացել, չեմ թալանել և ձեռքերս չեմ մտցրել ՀՀ բյուջեի մեջ, ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է ամաչեմ»,- ասել է նա` հավելելով, որ իր միակ նպատակն է ծառայել Հայաստանի ժողովրդին:
https://www.facebook.com/mikayel.minasyan.9/videos/2818950321493364/