Ինչպես արդեն տեղեկացվել է, բժշկակակ հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ա. Չ.-ն (նկատի ունի՝ Արմեն Չարչյանը-Azat.tv):
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը։
Նշվում է, որ Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Ա. Չ.-ն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։
«Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտորանական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու», – գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Չարչյանը պատգամավորի թեկնածու է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքով։