fbpx
Մշակույթ

Լացող աղջկա լուսանկարը՝ տարվա լավագույն լուսանկար. World Press Photo

World Press Photo կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի լավագույն լուսանկարը: Դա լացող աղջնակի լուսանկարը, որն արվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին:

Լուսանկարիչ Ջոն Մուրի նկարում լացող աղջնակը՝ Յանելան Հոնդուրասից, պատկերված է այն պահին, երբ ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցը խուզարկում է նրա մորը՝ Սանդրա Սանչեսին: Իր՝ Սանչեսի խոսքով, ինքը մեկ ամիս շարունակ անցել ամբողջ Կենտրոնական Ամերիկայով և Մեքսիկայով, նախքան կարողացել է հասնել ԱՄՆ, որտեղ ցանկացել է ապաստան խնդրել:

Արարողության ընթացքում հայտարարվել են տարբեր անվանակարգերի հաղթողներն ու մրցանակակիրները, հանձնվել են հուշապարգևներ:

«Տարվա պատմությունը» անվանակարգում հաղթանակ է տարել «Միգրանտների քարավան» նկարաշարը, որի հեղինակը հոլանդա-շվեդացի լուսանկարիչ Պիտեր Տեն Հոպենն է: Դրանցում նույնպես պատմվում է միգրանտների մասին, որոնք Կենտրոնական Ամերիկայից ուղևորվում են ԱՄՆ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Ժամանակակից աշխարհի հիմնախնդիրները» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուսաստանաբնակ Դիանա Մարկոսյանի աշխատանքը:

Մարկոսյանի լուսանկարը կոչվում է «Կուբանիտա»: Նկարում պատկերված է Պուրա անունով աղջկա 15-ամյա հոբելյանի տոնակատարությունը. աղջիկը 1950-ականների վարդագույն կաբրիոլետով շրջում է Կուբայի մայրաքաղաք Հավանայի փողոցներով` տեղացիներով շրջապատված:

Դիանա Մարկոսյանը պրոֆեսիոնալ լուսանկարչուհի է, Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ: 2014-ի հոկտեմբերին նա այցելել է Հայաստան, որտեղ ստեղծել է Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածներին նվիրված ֆոտոշարք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ