Մայիսի 18-ին, ժամը 03:01-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 2001 թ.) և «Lexus» (վարորդ՝ Ս.Ի., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Ս.Հ.-ն հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։