Դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները՝ կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Կողմերը շեշտել են ռազմական կրթության զարգացումը և համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Այցի ընթացքում ՊՆ վարչական համալիրում Հայաստանի պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և ԱԽ գրասենյակի ներկայացուցիչները ավագ դասընթացի ուսանողներին ներկայացրել են Հայաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտներին վերաբերող բանախոսություններ։
Դեկտեմբերի 11-ին գեներալ-լեյտենանտ Նիլսենը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ ներկայացվել են համալսարանի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։
Հանդիպման արդյունքներով նախանշվել են համագործակցության նոր հեռանկարներ երկու ռազմակրթական հաստատությունների միջև։ Այսպիսի այցերը խթանում են կրթական և պաշտպանական ոլորտների փորձի փոխանակումը՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը։