ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Սատորովին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին և զարգացման հեռանկարներին:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև բարեկամության ամուր ավանդույթների վրա՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում այդ կապերն առավել կընդլայնվեն ու կխորանան` ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:
Կարևորելով միջխորհրդարանական կապերի ամրապնդումը՝ կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը, օրենսդիրների ակտիվ շփումներն ու փոխայցերը: Քննարկվել են նաև միջխորհրդարանական կազմակերպություններում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Լենա Նազարյանը ներկայացրել է մեր երկրում հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար ստեղծված պայմանները՝ նշելով, որ նոր իշխանությունը ջանքեր է գործադրում ներդրումային միջավայրի բարելավման, օտարերկրյա ներդրողի համար նպաստավոր դաշտի ապահովման ուղղությամբ: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ առաջիկայում արդարադատության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները ևս իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսության զարգացման առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Դեսպանը հավաստիացրել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ ԽՎ-ի ու ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակում համագործակցության խթանմամբ: