Բաքվում հայ գերիների դատավարությունն ակնհայտ բեմականացված է: Այս մասին «Ի՞նչ քայեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Կիրակոսյանն իր խոսքում կարևորեց դատարանի հետ աշխատանքը, որն, ըստ նրա, այս փուլում պետք է շարունակել։ Կիրակոսյանի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարության կողմից փորձեր արվեցին կրկին ընդլայնելու և մի քիչ ավելի ճկուն մոտեցում պարտադրելու դատարանին։ «Բաքվում ընթացող ապօրինի, շինծու դատական պրոցեսները ակնհայտորեն բեմականացված պրոցեսներ են։ Ի սկզբանե ամբողջովին ապօրինի են և զուրկ են որևէ իրավական հիմքից կամ բովանդակությունից»,-ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը:
Խոսելով գերիների թվից Եղիշե Կիրակոսյանը հայտնեց. «Այս պահի դրությամբ, եթե նայում ենք գերիների թվերը և եթե հանենք վերադարձված վերջին 15 հոգուն, փաստացի հաստատված ունենք 45 հոգի, բայց նաև մեր տեղեկություններով և ապացույցներով , ունենք դեպքեր, որոնց վերաբերյալ է մեր մոտ առաջացած համոզմունքը, որ նրանց թիվը ավելին է»:
Կիրակոսյանի կարծիքով՝ այդ հարցում պետք է հետևողական լինել, և չպետք է վստահել Ադրբեջանին: