ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Խաղաղության մշակույթի հարցերով բարձր մակարդակի համաժողովում (High Level Forum on the Culture of Peace)։
Մարգարյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ, չնայած անհանդուրժողականության և քսենոֆոբիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության ջանքերին, դրանց տարբեր դրսևորումները շարունակում են գոյություն ունենալ աշխարհի տարբեր հատվածներում։
Ընդգծվել է, որ Հայաստանը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանի քաղաքական հռետորաբանության մեջ ատելության և ռասիզմի լեզվի մասին, ինչն արձանագրվել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին՝ դեսպան Մարգարյանը համաժողովի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև միջազգային առաքելություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցներին, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, խոչընդոտում է մուտք գործել հակամարտության տարածք։
Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ և ռազմատենչ գործողություններն ու հռետորաբանությունը վկայում են, որ սպառնալիքների, սադրանքների և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերաիշխել այս երկրում խաղաղության մշակույթին։
Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն ընդգծել է հակամարտությունը անվտանգության երաշխիքների, մարդու հիմնարար իրավունքների և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արժանապատիվ կյանքի երաշխիքների միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ հանուն տարածաշրջանային կայուն խաղաղության: