fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում քննարկել են գալիք տարվա սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացած քննարկման ընթացքում Նարեկ Զեյնալյանի և Զարուհի Բաթոյանի նախագահությամբ անդրադարձել է սոցիալական ոլորտի խնդիրներին ու 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված բնագավառի ֆինանսական հատկացումներին:

Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը պատկանում է նախարարությանը: Ըստ նրա` այսուհետև նմանօրինակ համատեղ քննարկումները լինելու են շարունակական: Համատեղ ներկայացվելու են օրենսդրական նախաձեռնություններ, ինչը, հանձնաժողովի նախագահի խոսքով` հնարավորության կտա հիմնովին բարեփոխել բնագավառը:

Զարուհի Բաթոյանը նույնպես կարևորել է արդյունավետ համագործակցության հարթակի ստեղծումը: Նախարարի հավաստմամբ՝ բնագավառին 2020 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ 486 միլիարդ դրամ, որը ներառում է նաև նախատեսված կենսաթոշակների բարձրացման գումարը: Ոլորտային ծրագրերն ուղղված են լինելու ծառայությունների մատուցմանը: Արդյունավետության բարձրացման նպատակով մի շարք ծրագրերը միավորվել են: Կարևոր է համարվել տարեցների, երեխաների, հաշմանդամների, կանանց վերաբերյալ ծրագրերի հասցեականությունը: Լուրջ բարեփոխումներ կլինեն համայնքների ներքո գործող սոցիալական ծառայությունների ոլորտում. դրանք կանցնեն նախարարության ենթակայության: Միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համաֆինանսավորմամբ կգործեն բռնաթյան ենթարկվածների 2 ապաստարան: Առաջիկայում դրանք կլինեն նաև մարզերում: Մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի ճանաչման մասին» օրենքի նախագիծ, որը, նախարարի հավաստմամբ, բնագավառը խորքային փոփոխության է ենթարկելու: «Կարիքի գնահատման գործընթացն արդեն մեկնարկել է»,-նշել է Զարուհի Բաթոյանը: Պատրաստվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրինագիծ, որով հստակ սահմանվել են նրանց իրավունքները. դրույթներից մեկով լուծվում է տրանսպորտի և շինությունների ու այլ վայրերի մատչելիության խնդիրը: Օրենքի պահանջը չապահովելու համար նախատեսվել է տուգանք:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարության առաջնահերթություններից է նաև տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը:

Պատգամավորների բազմաբնույթ հարցերին պատասխանել են նաև փոխնախարարներ Սմբատ Սաիյանն ու Ժաննա Անդրեասյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ