fbpx
Կառավարություն

Վահան Քերոբյանը հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարի հետ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրի հետ։

«Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև «Պարենի և ջրի անվտանգության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագետների համագործակցությամբ այն վերջնական տեսքի բերելու և մոտ ապագայում ստորագրելու վերաբերյալ։

Վահան Քերոբյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ընդգծել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու դեռևս չիրացված լայն հնարավորություններ կան։ Նշելով, որ լավ նախադրյալներ կան առևտրաշրջանառությունն ավելացնելու համար՝ նա առանձնացրել է սննդի ոլորտը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է Հայաստանից դեպի ԱՄԷ արտահանման ավելացումը՝ նշելով, որ ԱՄԷ-ում սննդի և սննդամթերքի նկատմամբ կիրառվող ստանդարտների մասին ավելի շատ տեղեկացվածությունը հնարավորություն կտա հայկական կողմին առավել թիրախավորված արտահանում կազմակերպել։

Խոսելով արտահանման ընթացքում առաջացող լոգիստիկ խնդիրների մասին՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ մոտ ապագայում հնարավորություն կստեղծվի Իրանի տարածքով ԱՄԷ արտահանում կազմակերպելու համար։

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային հնարավորությունները և հրավիրել ԱՄԷ ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանում։

Խոսելով ԱՄԷ շուկայում, հատկապես սուպերմարկետներում հայկական ապրանքների ներկայացվածության ընդլայնման հնարավորության մասին, Վահան Քերոբյանը ԱՄԷ սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ հայ արտադրողների հետ հանդիպելու և համագործակցելու նպատակով։

ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրը ևս շեշտել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ և ներուժ է տեսնում։ Նա ողջունել է Վահան Քերոբյանի առաջարկը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Արաբական Էմիրություններում հայկական ապրանքների ներկայացվածության հարցը քննարկելու նպատակով ԱՄԷ սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների դիվանագիտական շրջանակների միջոցով աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։

Վահան Քերոբյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը՝ նշելով, որ խոշոր նախագծեր են նախատեսված ենթակառուցվածքների և անշարժ գույքի շուկայում, ինչը կարող է հետաքրքրել հատկապես ԱՄԷ շինարարական ընկերություններին։

Մարիամ Ալմհեյրը առաջարկել է առցանց հանդիպում կազմակերպել ԱՄԷ ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև գյուղատնտեսությանը՝ երկուսեք շեշտելով ոռոգման արդի համակարգերի կարևորությունը։ ԱՄԷ նախարարը նշել է, որ այդ ոլորտում ունեն բավականին առաջադեմ ընկերություններ և առաջարկել համագործակցել վերջիններիս հետ՝ փորձի փոխանակման նպատակով։

Անդրադառնալով արևային էներգիայի օգտագործմանը և այդ ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ այդ բնագավառում Հայաստանը բավականին հաջող գործունեություն է ծավալում և արտահանում իրականացնում դեպի ԱՄՆ։ Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցելու ԱՄԷ կառավարության հետ այս ոլորտում։

Մարիամ Ալմհեյրը խոսել է ԱՄԷ կառավարության նոր նախաձեռնության մասին և պատրաստակամություն հայտնել իրականացնել փորձի փոխանակում Հայաստանում ևս նման նախաձեռնություն սկսելու համար։ Պետական կառույցների, գիտական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները, երիտասարդները, հավաքվելով հատուկ հատկացված տարածքում՝ միասին քննարկում են կառավարության կողմից տվյալ պահին դիտարկվող բոլոր նախագծերը և երկրի առջև կանգնած մարտահրավերները․ խնդիրների վերհանումից հետո մասնակիցներն աշխատում են վերջիններիս համար միասնական լուծումներ գտնելու շուրջ։ Նախագիծը հաջող ընթացք և բարձր արդյունավետություն ունի, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական կողմի համար։

Հանդիպման ավարտին ԱՄԷ կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրել առավել մանրամասն տեղեկատվություն նախաձեռնության մասին, ինչը կդյուրացնի Հայաստանում նմանօրինակ նախաձեռնություն սկսելու գործընթացը և բարեհաջող ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ