Իրանական Press-TV հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին, որը շուրջ 10 օր առաջ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել: Վաշինգտոնի դատարանում ցուցմունքներ տալուց հետո նա ազատ է արձակվել առանց մեղադրանքի: Այժմ նա ընտանիքի հետ գտնվում է Վաշինգտոնում:
Press-TV հեռուստաալիքի տվյալներով՝ Հաշեմին բերման է ենթարկվել որպես կարևոր տեղեկատվության տիրապետող վկա: Սակայն թե ինչ գործի մասին է խոսքը, տեղեկություններ չեն հրապարակվում: Հաշեմին մտադիր է անուշադրության չմատնել իր՝ ապօրինի ձերբակալման փաստը: Նշվում է նաև, որ Մարզիեն ԱՄՆ էր եկել հիվանդ եղբորը տեսակցելու և աֆրոամերիկացիների պաշտպանության թեմայով փաստավավերագրական ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար: Սակայն նա ձերբակալվել էր Սենթ-Լուիս քաղաքի օդանավակայանում: Նրա հետ վերաբերվել էին ինչպես հանցագործի՝ հանել էին հիջաբը, ոտքերին ու ձեռքերին շղթաներ անցկացրել ու հրաժարվել մուսուլմանական «հալալ» սնունդ տրամադրել: