Ամուլսարի հարցը հայկական պետության և Հայաստանի ժողովրդի ներքին գործն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ամուլսարի հարցը հայկական պետության և Հայաստանի ժողովրդի ներքին գործն է: Սա սեփականություն է, և որքան հասկանում եմ, այստեղ ոչ ոք կասկածներ չունի, որ այս հարցը պետք է լուծվի բոլոր գործոնները հաշվի առնելով, և հաշվի առնելով ոչ մի բանի վնաս չհասցնելու անհրաժեշտությունը՝ ո՛չ Հայաստանի գործնական հեղինակությանը, ո՛չ նրա բնական պաշարներին: Բայց սա Հայաստանի զուտ ներքին գործն է: Կարծում եմ, որ հայկական ղեկավարությունը՝ Հայաստանի բնակչության հետ միասին բավականաչափ իմաստուն են, որպեսզի ճիշտ որոշում կայացնեն՝ բոլոր գործոնները հաշվի առնելով»,-նշեց դեսպանը:
Ի պատասխան հարցին՝ նրա կողմից ֆեյսբուքյան իր էջում հրապարակված Ջերմուկից Ամուլսարի ֆոնին լուսանկարները արդյոք ուղե՞րձ են, դեսպանը բացասական պատասխան տվեց. «Դա ուղերձ չէ, այնտեղ իսկապես մեզ շատ դուր եկավ»: