fbpx
Կառավարություն

Անցումային արդարադատությանն անցնելը բազմաթիվ նյուանսներ ունի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե մինչև ե՞րբ է շարունակելու աշխատել բոլորի փոխարեն, ասաց, որ այն արդյունքները որոնք հիմա կան, թիմային աշխատանքի արդյունք է, և չի կարող միհոգու աշխատանքի արդյունք լինել:

«Ես՝ որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ ու մարդ, երևի չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, և գուցե ուրիշների կատարած աշխատանքը լավ չի երևում։ Տեսեք, ես չեմ հայտարարում, թե բոլորը կատարյալ են ու ռեկորդ են խփում, բայց հնչած մեղադրանքների 90 տոկոսը հիմնավոր չէ։  Երբ նման շեշտադրումներով հարցադրումներ են լինում, ինձ ավելի ու ավելի մեղավոր եմ զգում, որովհետև մտածում եմ, որ ինձ վրա կամա թե ակամա ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում, ինչի արդյունքում ուրիշների աշխատանքը չի երևում»,- ասաց նա։

Այն հարցին, թե արդյո՞ք իր թիմի բոլոր անդամների աշխատանքից լիարժեք գոհ է, Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ո՛չ, բայց ցանկանում եմ ասել, որ ինքս իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ։ Եթե իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բնականաբար, ուրիշների աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ կարող լինել»։

Օգտատերերից մեկն էլ հարց էր ուղղել, թե ինչու է մինչ օրս անցումային արդարադատությունը մնում միայն խոստում, արդյո՞ք բացակայում է քաղաքական կամքը:

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անցումային արդարադատությանն անցնելը բազմաթիվ նյուանսներ ունի, այդպիսի մեխանիզմների արագ կիրառումը նաև ռիսկեր է բերում.

«Մենք կարող ենք դեպք ունենալ, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ հանենք: Դրա համար մենք չենք կարող մեկ կամ երկու, երեք կամ չորս ամսում ներդնել այդպիսի մեխանիզմ, դրանք պետք է շատ մանրամասն քննարկվեն, տրվեն տեղական, միջազգային փորձաքննության, միջազգային փորձագետների կարծիքը հավաքվի, որ մենք համոզվենք՝ գնում ենք ճիշտ ճանապարհով:

ՀՀ-ում ինչ համակարգ ներդնենք, չպետք է մոռանանք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե մենք հիմա գնանք, բռնենք, դատենք, բոլորին անցումային արդարադատության ենթարկենք, վաղը էդ գործերը գնալու են ՄԻԵԴ, եթե այդ գործերով ՄԻԵԴ-ում պարտվենք, էլի էն պրոցեսները, որ գնացել ենք, պետք է նորից հետ պտտվեն, իսկ արդյունքում կստացվի, որ մենք ոչ մի բան չարեցինք:

Ինչ վերաբերում է քաղաքական կամքին, այդ կամքը կա և լինելու է: Կա մեկ այլ խնդիր. մենք պայմանավորվել ենք, որ դա զուտ կառավարության նախաձեռնությունը չլինի, անցումային արդարադատության թեմայով լիազորությունը խնդրել ենք, որ իրականացնի խորհրդարանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներգրավմամբ, որպեսզի մենք հավասարակշռված քայլերով գնանք առաջ:

Բայց կառավարությունն իր հերթին ձեռնարկում է քայլեր, և մենք այսօր քննարկում էինք ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որն անցումային արդարադատության շատ կարևոր էլեմենտ է, այնպես որ, ես նկատի ունեմ, որ այս ուղղությամբ մենք աշխատում ենք: Ես ուզում եմ, որ ժամանակացույցերի մեջ էլ մենք ճիշտ կողմնորոշվենք. օրինակ՝ անցած տարի մայիսին ես ընտրվել եմ վարչապետ, բայց ընտրությունների անհրաժեշտություն եղավ, մենք լիարժեք իշխանություն ենք դարձել 2018-ի դեկտեմբերից, այդ ամեն ինչը ձեր աչքի առաջ է տեղի ունեցել»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ