Apple ընկերությունը iOS 26.6-ի հինգերորդ բետա տարբերակում փորձարկում է անվտանգության նոր գործառույթ, որը հնարավորություն կտա հայտնաբերել և նախազգուշացնել վնասակար iMessage-ների մասին: MacRumors և TechRepublic պարբերականների տվյալներով՝ համակարգը «Malicious Message Detected» (Վնասակար հաղորդագրություն է հայտնաբերվել) ծանուցում կուղարկի այն դեպքում, երբ հաղորդագրությունը սպառնալիք կներկայացնի օգտատիրոջ սարքի կամ անձնական տվյալների անվտանգության համար:
Գործառույթը օգտատիրոջը հնարավորություն է տալիս ընտրել երեք տարբերակ՝ «Հետո», «Չզեկուցել» կամ «Կիսվել Apple-ի հետ»: Վերջինի դեպքում կասկածելի հաղորդագրությունն ուղարկվում է Apple-ի մասնագետներին՝ հետագա հետաքննության համար: Ընկերության փոխանցմամբ՝ նման հաղորդագրությունների փոխանցումը կարևոր քայլ է այլ օգտատերերին նմանատիպ հարձակումներից պաշտպանելու գործում:
Թեև Apple-ը դեռևս հստակ չի նշել, թե հատկապես որ հաղորդագրությունները կակտիվացնեն համակարգը, մասնագետները կարծում են, որ գործիքը հիմնականում ուղղված է ֆիշինգային հարձակումների և «զրոյական սեղմում» (zero-click) պահանջող վիրուսների դեմ պայքարին: Այս նորամուծությունը լրացնում է արդեն գործող BlastDoor, Lockdown Mode և iMessage Contact Key Verification անվտանգության համակարգերը:
Անվտանգության փորձագետները նշում են, որ թեև գործառույթը օգտակար է բարձր ռիսկային խմբում գտնվող օգտատերերի՝ լրագրողների և ակտիվիստների համար, այն կարող է նաև շփոթություն առաջացնել: MacRumors-ը նախազգուշացնում է, որ ծանուցման դիզայնը նման է խաբեբաների կողմից օգտագործվող ծանուցումներին: Ակնկալվում է, որ iOS 26.6-ի հրապարակային թողարկումը տեղի կունենա հուլիսի վերջին, և կորպորատիվ ոլորտի IT մասնագետներին խորհուրդ է տրվում նախապես պատրաստել աշխատակիցներին՝ տարբերելու պաշտոնական ծանուցումները կեղծերից:

