fbpx
Հասարակություն
18:00 05/11/2019

Առցանց ազատությամբ Հայաստանը առաջինն է Եվրասիայում․ Freedom House

Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը, Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Հայաստանի Հանրապետությունը առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն բոլոր հարևաններից այլև առցանց ոլորտի առաջատար Ճապոնիայից և Հարավային Կորեայից:

Առցանց ազատության հիմնական չափանիշները երեքն են. առցանց մուտքի իրավունքի սահմանափակումներ, առցանց բովանդակության սահմանափակումներ և անցանց իրավունքների խախտում, այդ թվում՝ հսկողություն անձանց առցանց գործունեության վերաբերյալ կամ այդ գործունեության հետևանքով քրեական և այլ հետապնդում:

2019 թվականի զեկույցը վերնագրված է «Սոցիալական մեդիայի ճգնաժամ», քանի որ, ըստ զեկույցի հեղինակների, աշխարհով մեկ կառավարությունները մեծացող հաճախականությամբ են օգտագործում սոցցանցերի ընձեռված հնարավորությունները սեփական կամ այլ երկրների քաղաքացիների շրջանում կեղծ լրատվություն տարածելու, ընտրություններ կեղծելու և մարդկանց հետևելու նպատակով: Արդյունքում, գլոբալ առցանց ազատությունն արդեն 9-րդ տարին անընդմեջ անկում է ապրում:

Ավելին, առցանց հնարավորություններից ակտիվորեն սկսել են օգտվել հենց բռնատիրական երկրների առաջնորդները, ովքեր վճարովի թրոլների բանակներ են վարձում՝ փորձելով ազդել այլ երկրների ներքին իրավիճակի և ընրտությունների վրա: «Վերջիններս բացահայտել են, որ սոցցանցերում քարոզչությունն ավելի արդյունավետ է, քան գրաքննությունը», – նշում է Freedom House-ի նախագահ Մայք Աբրամովիցը:

Զեկույցի համաձայն, այսօր ինտերնետից օգտվող 3.8 միլիարդ մարդկանց 89 տոկոսի նկատմամբ իրենց սեփական կամ որևէ այլ երկրի կառավարության կողմից հսկողություն է սահմանված առցանց ոլորտում: Մարդկանց 65 տոկոսը բնակվում է երկրներում, որտեղ քաղաքացիները բռնության են ենթարկվում կամ նույնիսկ սպանվում են իրենց առցանց գործունեության համար, մինչդեռ շուրջ 46 տոկոս համացանցի օգտատերերի կառավարությունները տարբեր, հիմնականում քաղաքական պատճառներով որոշ ժամկետով անջատել են ինտերնետը կամ բջջային ցանցերը:

2019-ին ինտերնետից օգտվող բնակչության միայն 24 տոկոսն է գտնվում ազատ ինտերնետ ունեցող երկրներում: Առցանց ազատության ոլորտում լավագույնն է իրավիճակը Իսլանդիայում, Էստոնիայում և Կանադայում: Առավել անազատ ինտերնետ ունեցող երկրներն են Սիրիան, Իրանը և Չինաստանը: Վրաստանը, որը զիջում է Հայաստանին մեկ կետով, ազատ ինտերնետ ունեցող երկիր է, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, աշխարհի երկրների երրորդ քառյակում են՝ անազատ:

Հայաստանը, Արգենտիանի, Կանադայի, Էստոնիայի և Իսլանդիայի հետ մեկտեղ հայտնվել է աշխարհի 5 եզակի երկրների ցուցակում, որոնց կառավարությունները որևէ քայլ չեն ձեռնարկել առցանց ոլորտը սահմանափակելու ուղղությամբ: Նախկինում, բացառությամբ 2017-ը, Հայաստանը նույնպես ճանաչվել էր առցանց ոլորտում ազատ երկիր, սակայն, աշխարհում համացանցի ազատության դասակարգման մեջ 8-րդ տեղը զբաղեցնում է առաջին անգամ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ