Արցախում հրդեհների թիվը կտրուկ աճել է

Ամենադիտվածներ

Abraham Khashmanyan

Օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում 1932 զանգ է գրանցվել, որից 1812-ը ճանաչողական բնույթի: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մեծաքանակ զանգերի պատճառը օգոստոսի 25-ին մայրաքաղաքի «Պլատոչնի» տեղանքում բռնկված հրդեհի և ուղեկցող պայթյունների հետ է կապված: Նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ աճել է հրդեհների քանակը, որը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ և դրան զուգահեռ՝ քաղաքացիների անուշադրության հետևանքով:

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում հրդեհի 58 դեպք է գրանցվել, հիմնականում՝ չոր խոտածածկույթներում և ենթատարածքներում:

Հրշեջ-փրկարարները ժամանակին իրականացրել են շիջման և մարման աշխատանքներ, նվազագույնի հասցրել նյութական և գույքային կորուստները: Շաբաթվա արտակարգ դեպքը գրանցվել է օգոստոսի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում, որտեղ տեղակայված են եղել մի քանի արտադրական ընկերություններ, այդ թվում՝ թթվածնային սարքավորումների արտադրամաս:

Առաջացած հրդեհին անմիջապես հաջորդել են պայթյուններ, ինչը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծել:

ՆԳՆ ծառայողների շնորհիվ հնարավոր է եղել կանխել վտանգը: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարները, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն ու սակրավորները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները և լիքվիդացրել կրակը:

Կենցաղային բնույթի 11 պատահարներից 9-ի դեպքում փրկարարները բացել են փակված դռան 8 և 1 վերելակի բացում: ԱԻ ծառայողների օգնությամբ առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի տեղափոխվել է բժշկական հաստատություններ:

Սակրավորական խմբերը հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման ուղղությամբ: Յոթ օրվա ընթացքում մայրաքաղաքի հարակից տարածքներից և շրջաններից հայտնաբերվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 218 ռազմամթերք:

Փրկարարի առաքելության հիմքում սերն ու հոգատարությունն են՝ մեկտեղված պատասխանատվության բարձր գիտակցման հետ։ Աշխատանքին անմնացորդ նվիրումն ու քաղաքացիների հանդեպ սրտացավությունն ավելի է ամրապնդում ծառայության հանդեպ մեր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը»,- նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

Խմբագիր:Ազատ TV Խմբագրություն
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ