Աշնանը սրվում են թոքերի հետ կապված հիվանդությունները, սրտանոթային և հոգեկան հիվանդությունները, ինչպես նաև սուր շնչառական վիրուսային վարակները և կորոնավիրուսը, «Մոսկվա-24»-ին ասել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը։
Նրա խոսքով՝ եղանակային պայմանների տատանումները սթրես են օրգանիզմի համար։ Սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ կարող են արյան ճնշման տատանումներ, առիթմիա լինել: Թոքերի հիվանդությունների առկայության դեպքում մրսածության պատճառով կարող է հազ առաջանալ, հավելել է մասնագետը։
«Որոշ հոգեկան հիվանդություններ սեզոնային միտում ունեն և աշնանն ու գարնանը սրվում են։ Նույն շիզոֆրենիան»,- ասում է Կրյուչկովը։
Բայց նրանց մոտ, ովքեր վերահսկում են իրենց առողջությունը, սրացումներ դժվար թե լինեն, նշել է իմունոլոգը։
«Եթե հիվանդությունը լավ վերահսկվում է կամ ֆիզիկապես մարդու մոտ բարձիթողի վիճակ չէ ապա այդ գործոնները շատ ավելի քիչ են ազդում նրա վրա։ Իսկ եթե նա չի բուժվում, ապա շրջակա միջավայրի գործոնները սկսում են ավելի ուժեղ գործել նրա վրա, և այդ ընթացքում իսկապես առողջական խնդիրներ կարող են լինել»,- պարզաբանել է մասնագետը։
Մասնագետը նշում է, որ աշունը, ձմեռը և վաղ գարունը կորոնավիրուսի և սուր շնչարական հիվանդությունների համար ամենաբարենպաստ շրջանն են։
«Մարդկանց վերադարձը քաղաքներ, խիտ բնակչությունը, տրանսպորտի պիկ ժամերը, մարդիկ աշխատանքի են գնում, երեխաները գնում են դպրոց, միջին օրական ջերմաստիճանը նվազում է, ինսոլացիա՝ նույնպես։ Այդ ամենն ազդում է ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ ՍՇՀ վրա»,- նշել է փորձագետը։
«Եղել են հետազոտություններ այն մասին, որ օդի խոնավությունը ևս մեծ նշանակություն ունի։ Աշնանը և ձմռանը խոնավության տատանումները ևս կարող են նպաստել վիրուսների տարածմանը»,- հավելել է նա։