fbpx
Սպորտ

Կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 50 աթլետ: Առաջնությունը վարկանիշային էր Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար, սակայն մարզիկներին չի հաջողվել լրացնել սահմանված նորման: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Գնդի հրում և սկավառակի նետում ձևերում տղաներից առաջատարը Մանուկ Մանուկյանն է, իսկ կանանցից՝ համապատասխանաբար Դիաննա Արզումանյանը և Ժաննա Շահնազարյանը: Նիզակի նետում մրցաձևում կանանցից լավագույն արդյունքը գրանցել է Մարիամ Մկրտչյանը, տղաներից՝ Պետրոս Հովհաննիսյանը: Կանանց հեռացատկի և եռացատկի պայքարում առաջին մրցանակին արժանացել է Յանա Սարգսյանը, իսկ տղամարդկանց հեռացատկում առաջին արդյունքը գրանցել է Գոռ Բեգլարյանը, եռացատկում՝ աթլետիկայի հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը:

Վազքային մրցաձևերում հարթակի առաջին աստիճանին են կանգնել Լիանա Մարտիրոսյանը, Վանյա Սարգսյանը, Երվանդ Մկրտչյանը, Էլլադա Ալավերդյանը, Ռաֆիկ Օհանյանը, Միլենա Գրիգորյանը, Դավիթ Ղուշչյանը, Արամ Արամյանը, Մելինե Ադամյանը, Յանա Սարգսյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը: 4×100 մետր փոխանցումավազքի կանանց թիմային պայքարում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիմը (51.7), իսկ տղամարդկանց 4×400 փոխանցումավազքում՝ Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը (3.28.8):

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանի խոսքով՝ չնայած աթլետներն Օլիմպիական խաղերի նորմա չեն լրացրել՝ առաջնության արդյունքները գոհացուցիչ են:
«Ճիշտ է, Օլիմպիական խաղերի մեր հույսերից մեկը՝ Լևոն Աղասյանը, այս առաջնությանը նորմա չլրացրեց, բայց եղան նաև բարձր արդյունքներ: Մասնավորապես, կանանց եռացատկում Յանա Սարգսյանը սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ 13 մ 16 սմ արդյունքով: Տարիներ շարունակ այսպիսի բարձր արդյունք չէինք ունեցել: Առաջին մեկնարկի համար այս արդյունքները գոհացնող են»,- ասել է գլխավոր քարտուղարը և հավելել, որ աթլետները դեռևս ունեն Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու հնարավորություն: Մասնավորապես, մայիսի 23-ին կկայանա Գառնիկ Ղուկասյանի անվան հուշամրցաշարը, որը նույնպես վարկանիշային է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ Օլիմպիական խաղերի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ